ՀՀ-ում առկա խնդիրների լուծման միակ բանալին գիտելիքն է. Փաշինյան
«Այսպիսի համալսարանի գոյությունը Հայաստանում, Երևանում լիարժեք համընկնում է ապագայի վերաբերյալ մեր ունեցած պատկերացումների հետ, որովհետև մենք համոզված ենք, որ բոլոր այն խնդիրները, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետությունում, ունեն լուծման մեկ բանալի, և այդ բանալին գիտելիքն է, իմացությունն է, հետազոտությունն է: Եվ ահա նման համալսարանները Հայաստան են բերում իրենց հետ կրթության, գիտության հետազոտության ոլորտում գոյություն ունեցող ահռելի մի փորձ, և այդ փորձի առկայությունից օգտվելը մեզ համար, մեր քաղաքացիների համար, մեր երիտասարդների համար բացառիկ հնարավորություն է»,- այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությանը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Փաշինյանի խոսքով, նման համալսարանները հնարավորություն են տալիս ընդլայնել մտահորիզոնը:
«Բազմիցս ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ որպես ռազմավարական տեսլական, պիտի առնվազն մի քանի օտար լեզուների տիրապետեն: Եվ այդ շարքում ռուսերենն ունի կարևոր և առանձնահատուկ նշանակություն: Ես ուրախ եմ, որ Մոսկվայի պետական համալսարանի գործունեությունը Հայաստանում ոչ միայն մեզ հնարավորություն է տալիս հաղորդակցվել այն հսկայական փորձի հետ, որ այն իր հետ բերում է, այլև Հայաստանում ռուսերենի ընդլայնման և զարգացման նոր հարթակ է դառնում»,- ասել է նա։
Այնուհետև տեղի է ունեցել դիպլոմների հանձնման արարողությունը: Համալսարանում գտնվելու ընթացքում Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել նաև ՄՊՀ համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի հետ:
2015 թվականին Երևանում իր գործունեությունը սկսած Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղն այս տարի ավարտել է 42 շրջանավարտ, որից 13-ը՝ կարմիր դիպլոմով: