Արթուր Ղազինյան. Երբեք սենց անլուրջ խորհրդարան չենք ունեցել
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ առաջադրված Աննա Մարգարյանին կողմ էր քվեարկել 66 պատգամավոր։
Իշխող ուժն Ազգային Ժողովում ունի 88 պատգամավոր, Աննա Մարգարյանի ընտրվելու համար անհրաժեշտ էր առնվազն 79 պատգամավորի կողմ քվե։ Այսինքն, միայն «Իմ քայլը» կազմակերպված քվեարկելու դեպքում կարող էր իր իսկ կողմից առաջադրված թեկնածուին ընտրել ԲԴԽ անդամ։
Քվեարկության արդյունքների վերաբերյալ մտահոգություն է հայտնել իրավաբան, քաղաքագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը։ Նա նշել է.
«Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը, չքվեարկեց իր իսկ կողմից առաջադրված ԲԴԽ անդամի թեկնածու Աննա Մարգարյանի օգտին։
Խոսքեր չեմ գտնում որակելու այս վարքագիծը, բայց պետք է ասեմ, որ մենք երբեք սենց անլուրջ խորհրդարան չենք ունեցել։
Կարծում եմ, որ այսուհետ ոչ մի իրեն հարգող պրոֆեսիոնալ մասնագետ չպետք է համաձայնվի առաջադրվել ՀՀ ԱԺ կողմից հաստատման ենթակա որևէ պաշտոնում։
Եթե իրենք չեն հարգում իրենց իսկ առաջադրումը, ապա ինչպե՞ս կարելի է նրանց վստահել պետության օրենսդիր իշխանության իրացումը խորհրդարանական կառավարման համակարգում»։
ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյանն ափսոսանք է հայտնել, որ խորհուրդի կազմում Մարգարյանի պես մասնագետը չընդգրկվեց։ Նաև մտածելու կոչ է արել։
«Իհարկե, ԱԺ-ի որոշելիքն է, թե որ գիտնականը կընտրվի Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ուղղակի նկատեմ, որ չընտրվեց ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան իրավագետների շրջանում և հանրության մեջ միանշանակ ճանաչված, մի քանի օտար լեզուներ գերազանց տիրապետող, լայն միջազգային անձնական կապեր ունեցող, ուսանողության կողմից անվերապահ հարգված ու ազնվագույն մարդ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ:
Այս երիտասարդ իսկական գիտնականն անթերի չէ՝ խոսում և գործում է շիտակ ու ազնիվ, պաշտոնի չի ձգտում (դրա համար էլ մերժել է առաջարկությունը և միայն դժվարությամբ համաձայնել), բայց հավատացեք այս տեսակը առավել պահանջված պետք է լինի՝ նաև ձեր հեղինակության համար: Ի՞նչ է, կարծում եք, նա իրավագիտության ֆակուլտետում հլու և հնազանդ է եղել, ճիշտ հակառակը, ասել է այն, ինչ մտածել է, սակայն երբեք ղեկավարության մոտ այդ հիմքով խնդիր չի ունեցել: Մտածեք ...»։