Կրոնշտադտի թանգարանում բացված ցուցահանդեսում ներկայացված են Այվազովսկու հազվագյուտ կտավներ
Հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հազվագյուտ նկարները, որոնք հիմնականում պահվում են մասնավոր հավաքածուներում և նախկինում միասին չեն ցուցադրվել, ներկայացված են ռուսական Կրոնշտադտ քաղաքի պատմության թանգարանում։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ցուցահանդեսում ներկայացված կտավները բերվել են ռուսական տարբեր թանգարաններից և Մոսկվայից, Սանկտ-Պետերբուրգից, Ղրիմից մասնավոր հավաքածուներից։
Թանգարանից նշում են, որ Այվազովսկու կյանքն ու ստեղծագործական գործունեությունը սերտ կապված են Կրոնշտադտի հետ։ Նա բազմաթիվ անգամներ է այցելել ծովային նավահանգստային այդ քաղաք՝ այնտեղից ուղևորվելով դեպի Բալթյան նավատորմ։
Թանգարանի տնօրենն ասել է, որ ամեն միջոցառում ձեռնարկում են, որպեսզի ապահովեն ցուցահանդեսում ներկայացված աշխատանքների անվտանգությունը։
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև սեպտեմբերի 1-ը։
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես:
Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։ Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն:
Հարակից հրապարակումներ`
- Այվազովսկու անվան օդանավակայանում ուղևորներին անակնկալներ են սպասվելու
- Ղրիմում կվերանորոգվի Այվազովսկու անվան պատկերասրահը
- Ղրիմում շոգենավի հետ միասին խորտակվել են Այվազովսկու կտավները
- Ղրիմում Այվազովսկու պատկերասրահի հիմքի վրա կստեղծվի թանգարանային թաղամաս
- Այվազովսկու և այլ հայտնի արվեստագետների հազվագյուտ աշխատանքներ կներկայացվեն Պետերբուրգում