«Կինոյի տաճար» ծրագրի շրջանակներում կցուցադրվեն Փարաջանովի վերականգնված երեք ֆիլմերը
Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ, հուլիսի 8-ին՝ Այրարատ (Ռոսիա) կինոթատրոնի նախասրահում, տեղի կունենա Ռոտերդամյան փառատոնի «Կինոյի տաճար» («Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժում չօգտագործված կադրեր) ինստալյացիա ձևաչափով ցուցահանդեսի երևանյան բացումը՝ նվիրված Ս․Փարաջանովի 95-ամյակին։
Հայաստանի ազգային կինոկենտրոնից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ «Կինոյի տաճար» ծրագրի շրջանակներում, արդեն հուլիսի 9-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում, կկայանա Սերգեյ Փարաջանովի վերականգնված երեք կաճամետարժ ֆիլմերի՝ «Եռաֆիլմ»-ի ցուցադրումը․«Հակոբ Հովնաթանյան» վավերագրական ֆիլմը (1967թ․,10 րոպե) նվիրված է 18-րդ դարի կեսերին Թիֆլիսում ապրած նկարչի ստեղծագործությանը, որը միջնադարից սերող հայկական հայտնի նկարչական տոհմի ամենանշանավոր ներկայացուցիչն է, «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» կարճամետրաժ ֆիլմը (1986թ․,25 րոպե) ներկայացնում է Փարաջանովի անհատական հայացքը 19-րդ դարի ինքնուս նկարիչ-պրիմիտիվիստ՝ Նիկո Փիրոսմանիի գեղագիտական ժառանգությանը, «Կիևյան որմնանկարներ» վավերագրական ֆիլմը (1966թ․,20 րոպե) փակվել է նկարահանումների ընթացքում: Ֆիլմից պահպանվել է միայն 10-14 րոպե։
«Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ կինոփառատոնի օրերին բացվող աննախադեպ այս ցուցադրությունը հրաշալի հնարավորություն և առիթ կհանդիսանա Երևան ժամանած օտարազգի կինոգործիչների, երևանցիների, ինչպես նաև Փարաջանովի արվեստի սիրահարների համար՝ տեսնելու և ծանոթանալու վերականգնված ու մոռացումից փրկված «Նռան գույնը» ֆիլմի վերականգնված կադրերը»,- նշեցին Ազգային կինոկենտրոնից։
Կինոկենտրոնից նաև հիշեցնում են, որ Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատոնը (IFFR) 2019թ․ հունվարին ներկայացավ առնձնահատուկ, նորացված ու ժամանակակից տարրերով՝ «Կինոյի տաճար» հայկական ծրագրով, որը նվիրված էր Սերգեյ Փարաջանովի 95-ամյակին։ Ռոտերդամյան փառատոնը շարունակաբար ուսումնասիրում և ընդլայնում է աուդիո-վիզուալ պատկերների սահմանները: Եվ պատահական չէր, որ ինքնատիպ այս կինոգաղափարն ու հայկական ծրագիրը հետաքրքիր էր և համահունչ իրենց քաղաքականությանը։ 2019թ. կինո և արվեստի ցուցահանդեսային ծրագրերը, որոնք ներառում էին նաև ֆրանսիացի Ֆիլիպ Պարենոի և ժան Լյուկ Գոդարի աշխատանքները, մեկնարկեց հենց «Կինոյի տաճար» («Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժում չօգտագործված կադրեր) ինստալյացիա ձևաչափով ցուցադրությամբ:
Ճակատագրի բերումով, Ս․Փարաջանովը առաջին անգամ (ընդհանրապես ոչ միայն փառատոն ) արտասահման է մեկնել Ռոտերդամի միջազգային փառատոնի հրավերով՝ 30 տարի առաջ՝ 1988 թվականին։ Դրանից ուղիղ մեկ տարի առաջ՝ 1987 թվականին Սերգեյ Փարաջանովի «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» ֆիլմը ցուցադրվել է Ռոտերդամի փառատոնում և որպես նորարարական ֆիլմ արժանացել է մրցանակի։ Ռոտերդամի փառատոնի պատասխանատուների «Կինոյի տաճար» համապարփակ ծրագրի կազմակերպումը խորհրդանշում է ևս մեկ կարևոր հոբելյան՝ կրկին Փարաջանովյան։ Վարպետի 1969 թվականին նկարած «Նռան գույնը» ֆիլմն այս տարի դարձավ 50 տարեկան։ Ռոտերդամում այս հոբելյանը նշվեց յուրահատուկ ձևով ՝ ֆիլմից դուրս մնացած ու մոռացումից դուրս բերված ու վերականգնված կադրերը՝ ինստալացիայի միջոցով ներկայացվեց հանդիսատեսին։
Ամիսների շարունակական աշխատանքի շնորհիվ հավաքվել և ամբողջացվել էր ցուցադրանույթը։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի աշխատանքային խումբը՝ տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի ղեկավարությամբ, ծրագրի մտահաղացման հեղինակ Դենիել Բըրդը տեղում նյութերի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո, ձեռնամուխ եղան դրանց թվայանցման գործին։ Fixafilm ընկերության փոխնախագահ Լուկաշ Սերանկայի և իր թիմի շնորհիվ կադրերը վերականգնվեցին և թվայնացվեցին Լեհաստանում։ «Կինոյի տաճար» ծրագրի կազմակերպմանը և իրականացմանը մեծապես աջակցել են Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի նախագահ՝ Բերո Բեյերը, ինչպես նաև ծրագրերի գլխավոր պատասխանատու Էդվին Կարելսը:
Հարակից հրապարակումներ`
- «Թուրքիայում հայերը լարվածություն են զգում». ամերիկացի հոգևորական
- Փարաջանովին նվիրված Ռոտերդամի փառատոնի ծրագիրը կներկայացվի նաև Հայաստանում
- Ռոտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնում ներկայացվել է Փարաջանովի ժառանգությունը
- Վերականգնվելու են Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած կադրերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան