Օղի թորելու, դոշաբ պատրաստելու, Սյունյաց աշխարհին բնորոշ ուտեստները՝ Թթի փառատոնին
Գորիսից 4 կմ հեռու գտնվող Քարահունջ համայնքում հուլիսի 6-ին կանցկացվի արդեն ավանդական դարձած Թթի փառատոնը:
Փառատոնն անցկացվելու է Քարահունջ համայնքի թթի այգիներում, որի շրջանակում էլ տեղի կունենա թութ թափ տալու մրցույթ, բայց այդ ներկաները կտեսնեն, թե ինչպես են օղի թորում, դոշաբ պատրաստում:
Փառատոնի շրջանակներում իրենց ձեռագործ աշխատանքները, ավանդական ուտեստները, թթի մուրաբան, չիրը և բերքն ու բարիքները կներկայացնեն ինչպես տեղի, այնպես էլ շրջակա համայքների բնակիչները: Այսպիսով, հյուրերը հնարավորություն կունենան համտեսելու այնպիսի ուտեստներ, որոնք բնորոշ են միայն Սյունյաց աշխարհին: Այս ամենը, բնականաբար, կուղեկցվի ժողովրդական երգ ու պարով:
«Արենի Փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ փառատոնի նպատակն է բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և խթանել զբոսաշրջային արդյունքը, ինչպես նաև զարգացնել ներքին տուրիզմը:
«Մեր նպատակն է, որ ամեն մարզ, համայնք ունենա իր բրենդը: Թթի օղին ճանաչելիության խնդիր ունի միջազգային շուկայում, իսկ փառատոնը միջոց կհանդիսանա խմիչքը բրենդավորելու ու պրոպագանդելու համար»,- ասաց Նունե Մանուկյանը:
Նա նաև նշեց, որ փառատոների ժամանակ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աստիճանաբար ավելանում է, շատերը գալիս են հատուկ որևէ փառատոնի մասնակցելու համար:
«Վերջին տարիներին տուր-օպերատոները այնպիսի փաթեթներ են կազմում, որ տուրիստների այցելությունը համընկնի որևէ փառատոնի հետ»,- ընդգծեց հիմնադրամի տնօրենը:
Զբոսաշրջության կոմիտեի Զբոսաշրջային արդյունքի զարգացման փորձագետ Անահիտ Ոսկանյանն էլ ասաց, որ զբոսաշրջության մեջ փառատոների դերը կարևոր նշանակություն ունի, քանի որ դրանք մշակութային արժեքների պահպանման և հանրայնացման միտում ունեն: Ըստ նրա՝ փառատոները նախ և առաջ միտված են ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը, որոնք արժանանում են զբոսաշրջիկների հետաքրքրությանն ու նպաստում են, թե ներքին, թե ներգնա զբոսաշրջությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին