Արամ Օրբելյան. Դատարանից դատարան թղթերի տեղափոխման բացասական հետևանքը չի կարող կրել մեղադրյալ կողմը
«Ինձ համար անհասկանալի է, թե ինչ տրամաբանությամբ է կայացվել Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հովհաննես Խուդոյանը՝ խոսելով որոշման այն հատվածի մասին, ըստ որի գործի քննությունը պետք է վերսկսել ընդհատման պահից։
Փաստաբանը որևէ այլ մեկնաբանություն, քան դատավարական որևէ կոնկրետ օրից գործի քննությունը սկսելը, չի տեսնում։
«Եթե առաջին ատյանի դատարանը կամ այլ իրավաբաններ ուրիշ մեկնաբանութուն ունեն, խնդրում եմ կիսվել։ Հիմա ստացվում է, առաջին ատյանի դատարանը, գործն ընդունելով իր վարույթ, դատավարական 15-օրյա ժամկետում նիստեր է հրավիրել, որոշումներ է կայացրել։ Վարույթը կասեցնելու որոշումը կայացվել է դատավարական ժամկետի նախավերջին օրը։ Հիմա Վերաքննիչ դատարանի որոշումից ստացվում է, որ առաջին ատյանի դատարանը մեկօրյա ժամկետում պետք է որոշում կայացնի գործի ճակատագրի մասին՝ կասեցնո՞ւմ է, կարճո՞ւմ է, ուղարկո՞ւմ է այլ դատարան»,-մտահոգությունը մանրամասնեց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խմբի անդամը։
Խուդոյանն ընդգծում է, երբ որոշման մեջ վերաքննիչ դատարանը նշում է, որ առանց գործի նյութերին բավարար ծանոթանալու առաջին ատյանի դատարանը գնահատական է տվել, ստացվում է՝ դատարանին հիմա էլ հնարավորություն չի տրվում ծանոթանալ գործի նյութերին ու դրա հիման վրա կայացնել դատական ակտ։
«Ինչ-որ պատային վիճակի մեջ է դրվում առաջին ատյանի դատարանը։ Ակնկալում ենք, որ առաջին ատյանի դատարանն ինքն էլ կգնահատի վիճակը, որովհետև օբյեկտիվորեն ես չեմ պատկերացնում, ո՞նց կարող է դատարանը մեկօրյա ժամկետում քննարկի ինչպես խափանման միջոցի հարցը, այնպես էլ գործի հետագա ճակատագիրը որոշելու հարցը»,-ասաց նա։
Փաստաբանական խմբի մյուս անդամ Արամ Օրբելյանն էլ ընդգծեց, որ մեկօրյա ժամկետն անցել է անցած շաբաթ։
«Այդ ժամկետը որևէ կերպ չի կապվում հատորները դատարանից դատարան տեղափոխելու գործընթացի հետ, մանավանդ հաշվի առնելով վերաքննիչ դատարանի այն հայտարարությունը, որ գործն իր վարույթում չէ։ Հետևաբար, բողոքների քննության վերաբերյալ որոշումը հրապարակելուց հետո մեկօրյա ժամկետում ակնկալում էինք առաջին ատյանի դատարանի համապատասխան որոշումը։ Հասկանում ենք, որ առաջին ատյանի դատարանը օբյեկտիվորեն կարող էր չկարողանալ, չհասցնել որոշում կայացնել, բայց եթե մենք խոսում ենք իրավական պետության գործընթացների մասին, դատարանից դատարան թղթերի տեղափոխման բացասական հետևանքը չի կարող կրել մեղադրյալ կողմը։ Դրա հետևանքը կարող են կրել բոլորը, բացի այն անձից, ում ազատությունը սահմանափակված է»,-ասաց Օրբելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Դատարանը կամայական մեկնաբանություններով շարունակում է խոչընդոտել պրոցեսին
- Քոչարյանի պաշտպան. Տպավորությունն է, որ ուղղակի կրկնված է դատախազության բողոքի շարադրանքը
- Ռոբերտ Քոչարյան. Դուք տեսել եք, ոչ օրենք կա, ոչ էլ օրինականություն
- Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի
- Ռոբերտ Քոչարյանի Պաշտպանական խմբի անդամները չեն մասնակցելու այսօրվա դատական նիստին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին