Ինչն է լավ, երբ կառավարությունը վատ է աշխատում
Կամ՝ այս աղբն իմն է։
Սկսեմ քաղաքապետարանից ու ավագանու նիստերից։ Երեկ պաշտոնական էջն էի փորփրում, հաշվետվություններն էի ուզում նայել՝ չկային։ Ավագանու նիստերի արձանագրությունների ցանկը նայեցի՝ դրսից բան չի հասկացվում՝ կոտորակային նշանակումներ են։ Երևի ներքին խորհուրդ ունի, թե չէ՝ ինչու էր պետք այնպես վերնագրել, որ մինչև չբացես, չհասկացվի, թե երբ է այն տեղի ունեցել։
Արձանագրությունների բովանդակությունն էլ էր «հետաքրքիր»՝ ասենք գրված է Այսինչը հարց ուղղեց։ Հարցը չկա։ Վերջում գոնե կցված լիներ յութուբի՝ իրենց նիստի տեսագրությունը։ Դա էլ չկա։
Մանր հարցեր են, չէ՞։ Մանր ու հեշտ կարգավորելի, որ պիտի հեշտացներ ավագանու աշխատանքներին հետևելը։ Բայց չէ, մենք մանր բաներով չենք զբաղվում՝ կոտորակները հաշվեք, սեղմեք՝ նիստի օրը տեսեք, հարցերը ուզում եք իմանալ, հետևեք նիստերին օնլայն։
Մի խոսքով՝ ակտիվ եղեք։
Այ՝ հենց դա է լավը երբ կառավարությունը ու վարչակազմը վատ է աշխատում։ Հասարակությունը կամ մեռնում է որպես օրգան, կամ ստիպված է ակտիվանալ։ Իսկ ակտիվ հասարակությունից լավ հասարակություն մեկ էլ մատի ճտտոցով գործադիրին ծառայությունների որակ հրահանգող հասարակությունն է։
Անցնենք աղբին։
Այն, որ ավագանու անդամի կարծիքով, ՀՀ քաղաքացիները շատ են ուտում ու աղբ արտադրում՝ դա պարզ է։ Բայց արի ու տես, որ աղբը քաղցր բան է՝ ոչ հախից են գալիս, ոչ զիջում են ուրիշներին։
Կառավարությունը, որ պիտի հիմա ծրագրեր մշակած լիներ, ընկերություններ ներգրաված լիներ աղբի հարցը լուծելու համար, ուղղակի արտաքուստ նեղվում է աղբից։ Ու նման պասիվության պարագայում կրկին ակտիվանում են հայրենասեր քաղաքացիները, ընկերությունները ու, այո՝ տուրիստները։
Ձմերուկի ու կարտոֆիլի կեղևները, իհարկե, չենք կարող «չստեղծել», բայց այ՝ պլաստիկի խնդիրը փորձում ենք լուծել։ Հավաքում ենք, հանձնում վերամշակող ընկերությունների, որ գոնե մեր մասով չշատացնենք պլաստիկապատումը։
Ինչ հողի տեր ենք, որ մի հատ էլ այն աղբավայր դարձնենք, չէ՞՚
Ավելին՝ թեպետ վերամշակող ընկերությանը պիտի վճարել պլաստիկը հանձնելիս, բայց մենք մեզ կարևոր ենք զգում նույնիսկ այդ պարագայում։
Հիմա հարց՝ ինչո՞ւ չի կառավարությունը համագործակցում այդ ընկերությունների հետ, ինչո՞ւ չեն քարոզում պլաստիկի հանձնումը։ Վերամշակող ընկերությունների տրամադրած կտրոնների չափով կարելի է աղբահանության դիմաց քաղաքացու վճարը կրճատել։ Արդյունքում՝ քաղաքացու համար ֆինանսապես տարբերություն չկա՝ աղբահանություն՝ մինուս, պլաստիկի հանձնում՝ պլյուս։ Այո, մի փոքր ավելի աշխատատար է պլաստիկը լվանալ, օդը հանել, հավաքել... բայց փոխարենը գիտես, որ դարերով չմշակվող աղբ չես ավելացնում։
Ամենօրյա քարոզչական աշխատանքի դեպքում դա կարող է դառնալ սովորություն, իսկ հետո արդեն հեշտ է։ Ինչպես կանաչ լույսի տակով փողոց հատելու մեխանիկական սովորությունը։
Ու երբ կառավարությունը ընկերությունների հետ այս հարցը կազմակերպեր, կմնար արդեն աղբ դարձած պլաստիկի հարցը, բայց արդեն դա էլ կդառնար լուծելի, քանի որ նոր քաղաքականության շնորհվ այն չէր ավելանա։
Ընդ որում՝ ամենահեշտը դա Երևանում սկսելն է։ Բայց չէ՝ ոչ կառավարությունը, ոչ Երևանի քաղաքապետարանը ռացիոնալ լուծումների կողմ չեն։
Կամ էլ իրոք՝ աղբը քաղցր է...։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան