Աննա Նաղդալյան․ Մակրոնը նշել էր, որ Ֆրանսիան Ադրբեջանին չի վաճառի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում
«Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի առնչությամբ մենք մշտապես ասել ենք, որ հետամուտ ենք այդ հարցին ու այն մշտապես բարձրացնում ենք ինչպես երկկողմ, այպես էլ բազմակողմ հարթակներում»,-այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով մամուլում եղած տեղեկությունները, թե Ադրբեջանը պատրաստվում է Ֆրանսիայից զենք գնել։
Աննա Նաղդալյանը նշեց, որ Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունները, հատկապես ռազմաարդյունաբերական ոլորտում, մշտապես ուշադրության կենտրոնում են։
«Դեռևս փետրվարի 5-ին նախագահ Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կողմից կազմակերպված միջոցառմանը նշել էր, որ Ֆրանսիան, ի տարբերություն այլ երկրների, միակ երկիրն է, որ խստորեն պահպանում է էմբարգոյի իր պարտականություններն ու, որ Ֆրանսիան երբեք Ադրբեջանին չի վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում։ Կարևոր է, որ Ֆրանսիան իրապես հետամուտ լինի այս հարցում ու ձեռնպահ մնա Ադրբեջանի հետ որևէ համագործակցությունից, որը կարող է խաթարել տարածաշրջանում ռազմական բալանսը, ինչպես նաև տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը»,-ասաց Աննա Նաղդալյանը։