Կաթնայուղի փոխարինիչ կարելի է օգտագործել պաղպաղակում, բայց դրա մասին ինֆորմացիան պետք է լինի տեսանելի
Սննդամթերքի անվտանգության պետական տեսկան մարմինն ավարտել է դիտարկումը նաև «Փինք Բերրի» ընկերությունում։ Նույն խախտումներն ու մտահոգություններն են, ինչ հանդիպել էին պաղպաղակա արտադրող 14 ընկերություններում իրականացրած դիտարկումների արդյունքում։
Տեսչական մարմնի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը Panorama.am-ին ասաց, «Փինք Բերրի» ընկերության արտադրանքում էլ, ինչպես ցույց են տվել լաբորատոր փորձաքննության արդյունքները, առկա են եղել և´ կաթնայուղ, և´ կաթնայուղի փոխարինիչ։ Դրանց առկայության մասին նշված եղել է մանկնշման մեջ, բայց ոչ պատշաճ կերպով։
«Սպառողը չպետք է երկար ժամանակ վատնի՝ գտնելու բաղադրության մասին տեղեկատվությունը։ Այն պետք է լինի ավելի մեծ տառերով ու տեսանելի»,-խնդիրը բացատրեց Անուշ Հարությունյանը։
Պաղպաղակի արտադրության մեջ կաթնայուղի և դրա փոխարինիչի օգտագործումը, ըստ Տեսչական մարմնի ներկայացուցչի, համապատասխանում է տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
«Նրանք արգելված բան չեն անում փոխարինիչներ օգտագործելով, այն վնասակար չէ առողջությանը։ Պարզապես ինչպես ոսկու վրա չի կարելի գրել լատում ու վաճառել որպես լաում, այնպես էլ այս պարագայում է։ Արգելված է սպառողին մոլորության մեջ գցելը»,-ասաց նա։
Խախտումների վերացման վերաբերյալ տնտեսվարողներին տրվել էին հանձնարարականներ։ Ընկերությունները տեսչական մարմնին բացատրել են, որ փաթեթավորման թղթերն ավելի վաղ են պատվիրել։ Տեսչական մարմնից հավատացրեցին, որ թե սանիտարական, թե մակնշման հետ կապված խախտումները վերացված են, հանձնարարականները կատարված են։
Հիշեցնենք, որ տեսչական մարմինը տարածել էր հաղորդագրություն, ըստ որի պաղպաղակ արտադրող 14 ընկերություններում և «Երևան Սիթի», «ՍԱՍ Գրուպ», «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցային խանութներում անցկացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ «Ա. Ավետյանի ԱՍԱ», «Պարգև», «Արմսվիթ», «Թամարա», «Թամարա և Անի», ընկերություններն ու «Ձյան Փաթիլներ» ԱԿ-ն պաղպաղակներն արտադրում են բացառապես կաթնայուղի փոխարինիչով, «ԲԻՈ ԿԱԹ»-ը՝ միայն սերուցքային և պլոմբիր տեսակի, այսինքն՝ բացառապես կաթնայուղով, իսկ «Հայր և որդի Շուշանյաններ», «Իգիթ», «Դուստր Մարիաննա», «Ոսկե Պինգվին», «Գրանդ Քենդի» և «ՎԱՐՇԱՄ» ընկերությունները՝ և կաթնայուղով, և կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակներ: