«Վրացական երազանք»-ից երկու ակնկալիք կար, որը չիրականացավ. Հրանտ Միքայելյան
«Վրաստանում 2012 թվականին ընտրվելու ժամանակ «Վրացական երազանք» կուսակցությունից երկու հիմնական ակնկալիք կար, այն այդպես էլ չիրականացավ»,-«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Վրաստան-Հայաստան. ինչպե՞ս արձագանքել ռուս-վրացական լարվածությանը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց «Կովկաս» ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը։
Առաջին ակնկալիքը, նրա խոսքով, այն էր, որ «Վրացական երազանքը» կկարողանար Ռուսաստանի հետ կապերը վերականգնել՝ առանց կոնֆլիկտային գոտիներում զիջումների և նուրբ քաղաքականության վրացական տարածքային ամբողջականությունը կվերականգնի։ Իսկ մյուս ակնկալիքը՝ տնտեսական զարգացումն էր։
«Այս երկու գործոնը այն հիմնական ակնկալիքն էր, որով երկիրը կկարողանար հասնել բարգավաճման։ Սրան հաջորդում էին մարդու իրավունքների, ժողովրդավարության հետ կապված հարցերը։ Բայց այսօր մենք տեսնում ենք, որ առաջին երկու խնդրի հետ կապված, Ռուսաստանի հետ հարաբերություններ և տնտեսական զարգացում, Վրաստանը չկարողացավ ակնկալվող առաջընթացը գրանցել և դա էլ ապալեգիտիմացրեց այս կուսակցությունը»,- նշեց Միքայելյանը։
Անդրադառնալով Ռուսաստանի հետ կապերին, նա նկատեց, որ դրանք խզվեցին, ինչի հետևանքով Վրաստանի գյուղատնտեսական հատված շատ մեծ վնասներ կրեց. «Վրաստանի գյուղերում ապրում է բնակչության մինչև 47 տոկոսը, որոնք էլ գյուղատնտեսությամբ են զբաղվում։ «Վրացական երազանք»-ը փորձում էր Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնել՝ առանց որևէ զիջումների ու քաղաքական նվաճումներով։ Իսկ Ռուսաստանի դիրքորոշումն այլ էր, Վրաստանի համար բացվեցին ՌԴ որոշ շուկաներ, ակտիվացավ զբոսաշրջային ներհոսքը Ռուսաստանից, բացվեց Բորջոմիի ու գյուտնտեսական ապրանքների համար շուկան, բայց վիզային ռեժիմը չչեղարկվեց, այս պատճառով էլ այս գործընթացն ինչ-որ չափով կանգ առավ»։
Նրա խոսքով, կարելի է ասել, որ 2014-ից հետո ՌԴ հետ հարաբերություններում ոչ մի առաջընթաց չկար և սկսել էր ավելանալ այն մարդկանց քանակը, ովքեր կարծում էին, որ պետք չէ Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնել։
«Եթե առաջ իշխանությանն ընդդիմանալը նշանակում էր ավելի պրոռուսական դիրք ունենալ, ապա հիմա իշխանությանն ընդդիմանալը ավելի հակառուսական դիրք ունենալն է»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Վրացական սփյուռքը խնդրել է Պուտինին վերականգնել ավիահաղորդակցությունը
- Աբխազիան փակել է Վրաստանի հետ սահմանը
- Վրաստանի ՆԳ նախարարն ասել է՝ մինչև երբ կմնա պաշտոնին
- Սաակաշվիլին կոչ է արել ուկրաինացիներին ռուսականի փոխարեն խմել վրացական գինի