Մհեր Գրիգորյանը և Հասան Ռոհանին խոսել են էներգետիկ ոլորտում համագործակցության շուրջ
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Թեհրանում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Նշելով, որ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամական կապերի և փոխվստահության վրա՝ փոխվարչապետը հույս է հայտնել, որ դրանք ավելի կամրապնդվեն և կընդլայնվեն համատեղ ջանքերով:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Մհեր Գրիգորյանը Իրանի նախագահին տեղեկացրել է, որ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստն անցել է կառուցողական մթնոլորտում, պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկու երկրների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության զարգացման ևս մեկ խթան հանդիսացող ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրով նախատեսված հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում Մհեր Գրիգորյանը և Հասան Ռոհանին մտքեր են փոխանակել նաև էներգետիկ ոլորտում համագործակցության շուրջ: