Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Դատարանը կամայական մեկնաբանություններով շարունակում է խոչընդոտել պրոցեսին
Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանի որոշումները կայացվել են դատավարական նորմերի ու իրավունքների կոպիտ խախտումներով։ Ընթացող ասուլիսում նման գնահատական տվեց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը։
«Որոշումների հրապարակումից հետո էլ այդ խախտումները դեռ չեն վերացվել, դատարանը կամայական մեկնաբանություններով շարունակում է խոչընդոտել և վնասել պրոցեսին։ Առաջիկայում կպարզաբանենք, թե ինչ եղանակով»,-ասաց նա։
Խուդոյանի խոսքով, հունիսի 25-ին հրապարակված ակտով, որն ուժի մեջ է մտնում հենց հրապարակման պահից, դատարանն արձանագրել է, որ կեսցման որոշումը վերացվում է և գործը պետք է վերսկսի նույն դատարանում, ընդհատման պահից։
«Այսինքն, ներկայում առաջին ատյանի դատարանում այն պետք է վերսկսի ընդհատման պահից։ Բայց ինչն է խնդիրը, վերաքննիչ դատարանը չի վերադարձնում գործի նյութերը առաջին ատյանի դատարանին, որպեսզի այդ գործընթացը սկսի»,-ասաց նա։
Խուդոյանը նկատեց, փաստաբանական խմբին հաճախ են մեղադրում գործընթացը ձգձելու համար, նշեց, որ այս պահին հենց դատարանն է նպաստում գործընթացի ձգձգմանը։
«Տարբեր պատճառաբանություններով, որոնք մեզ համար անհասկանալի են, գործի նյութերն առաջին ատյանի դատարան չեն վերադարձվում, գործն այս պահին սառած է՝ չունենալով իրավական որևէ հիմք»,-ասաց փաստաբանը։
Ասուլիսին ներկա Արամ Օրբելյանն էլ հիշեցրեց, որ փաստաբան Խուդոյանն ավելի վաղ միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ գործը կասեցնելու ու ՍԴ-ում քննելու համար, որովհետև սահմանադրականության հետ կապված մի շարք հարցեր կային, այդ թվում նաև Վերաքննիչ դատարանում այս փուլում գործընթացի կարգավորված կամ չկարգավորված լինելու հարցը։
«Սրան ի պատասխան, որոշման մեջ վերաքննիչ դատարանը պատասխանել է, որ գործն իմ վարույթում չի գտնվում, գտնվում է առաջին ատյանի դատարանում, իսկ քննում եմ միայն բողոքները։ Սակայն երբ մենք փորձում ենք կապ հաստատել առաջին ատյանի, վերաքննիչ դատարանների աշխատակազմերի հետ՝ հասկանալու, թե երբ է գործը վերսկսելու, մեզ ասում են, սպասում ենք, վճռաբեկ դատարան դիմելու ժամկետը լրանա, նոր ուղարկենք։ Այսինքն, գործն անհարկի ձգձգվում է»,-ասաց Օրբելյանը։
Պաշտպանը հույս հայտնեց, որ ԱԺ այն բոլոր պատգամավորները, քաղաքական գործիչները, որոնք փաստաբաններին մեղադրել են գործը ձգձգելու մեջ, իրենց գնահատականը կտան դատարանի աշխատանքին։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, հունիսի 25-ին բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով դատախազության, տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի բողոքները։
Նրանք բողոքարկել էին մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանի պաշտպան. Տպավորությունն է, որ ուղղակի կրկնված է դատախազության բողոքի շարադրանքը
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը չի ստացել Վերաքննիչ դատարանի որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան