Վրաստանը կկորցնի 1 միլիոն զբոսաշրջիկ Ռուսաստանից և շուրջ 2 միլիարդ լարի
Վրաստանը մինչև տարեվերջ կկորցնի 1 միլիոն զբոսաշրջիկ Ռուսաստանից և շուրջ 2 միլիարդ լարի (շուրջ 710 մլն դոլար): Այս մասին հայտարարել է Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Մարիամ Քվրիվիշվիլին, գրում է ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքով՝ նախորդ տարի Վրաստան է այցելել 1,4 մլն ռուսաստանցի, իսկ եկամուտը կազմել է 2 մլրդ լարի: Այս տարի, ըստ նրա, ակնկալվում էր, որ ռուսաստանցի տուրիստների թիվը կհասներ 1,7 մլն-ի, իսկ դրանից ստացված եկամուտները՝ 2,5 մլրդ լարի:
«Ներկայումս ամենակարևորն այն է, որ շարունակենք հայտնել՝ Վրաստանը անվտանգ ուղղություն է, և մեր թիմը փորձում է բոլոր ջանքերը գործադրել, որ ցանկացած երկրի ցանկացած տուրիստ դրանում համոզվի», - հայտարարել է Մարիամ Քվրիվիշվիլին:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիաներն սկսվել են հունիսի 20-ին` ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել: Դրանիդ հետո Թբիլիսիիում բողոքի ակցիաներ սկսվեցին:
Հունիսի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրաման, որով արգելվում է ավիաընկերություններին հուլիսի 8-ից իրականացնել փոխադրումներ Ռուսաստանից դեպի Վրաստան: Բացի այդ, նա կառավարությանը կարգադրել էր ապահովել Վրաստանի տարածքում գտնվող ռուսաստանցիների վերադարձը:
Պուտինը նաև խորհուրդ էր տվել տուրօպերատորներին արգելքի ժամանակահատվածում չվաճառել ուղեգրեր Ռուսաստանից Վրաստան: