Վարչապետի անունով ու վարչապետի անունից
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ համացանցում կեղծ նամակ է տարածվել՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ ՆԱՏՕ-ի ղեկավարությանը։
«Ցանցով հերթական ֆեյքն ա տարածվում։ Կեղծ նամակ է վարչապետճց NATO-ի ղեկավարությանը։ Թե բա ուզում ենք Նատոյի հետ ավելի սերտ կապեր ունենալ։ Բայց հասկանում ենք, որ Արցախն ա խնդիրը, դրա համար մեկ տարվա ընթացքում կհանենք այնտեղից զորքերը։
Ո՛վ է հեղինակը։ Դեռ հիմնավոր կասկածներից բացի լուրջ ապացույցներ չկան։ Երկու երկրից դուրս ուղղություններից է ամենահավանականը։ Եթե լավ ապացույցներ լինեն, իմաց կտամ»,- գրել է նա։
Panorama.am-ը հետաքրքվեց Սամվել Մարտիրոսյանից, թե ինչպե՞ս է պարզվել, որ նամակի բովանդակությունը կեղծ է։
«Բովանդակությունն արդեն իսկ աբսուրդային է, նման հարցերը նամակով չեն քննարկվում։ Բացի այդ՝ փորձել եմ նաև ճշտել պաշտոնական աղբյուրներից»,- ասաց Ս. Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ նաև շատ հետաքրքիր ձևով է տարածվում նամակը, ակնհայտ երևում է, որ փորձում են շատ չերևալով՝ դարձնել հանրային։
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք չեն պատրաստվում պաշտոնական հերքում տարածել։
«Այս պահին նպատակահարմար չեմ համարում, որովհետև բոլորի համար ակնհայտ է, որ դա պարզապես անհեթեթություն է։ Անհեթեթություններին էլ անդրադառնալը, չեմ կարծում, որ ողջամիտ քայլ է»,- ասաց նա։
Մնում է երկու դիտարկում՝ եթե սա աբսուրդ է, ապա որն է իմաստը քաղաքացիներին զգուշացնելու, որ կեղծ նամակ է տարածվում վարչապետի անունից։
Եթե այնուամենայնիվ կա կարծիք, որ հավատացողներ կլինեն, ինչու հասարակայնության հետ բաժինը չի զբաղվում վարչապետի անունից տարածվող նամակի լինելության հերքմամբ։ Որքան էլ որ այն աբսուրդային լինի։