Ավետ Ադոնց. Ազդարարում ենք Կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրի սկիզբը
«Ընթացիկ տարվա ապրիլին Գործողությունների ծրագրում մեկնարկեց դատաիրավական բարեփոխումների բաղադրիչը, որը մեր կառավարության օրակարգի առաջնահերթ ուղղություններից է և օժանդակելու է Հայաստանի դատական համակարգի բարենորոգմանը։ Այսօր էլ ազդարարում ենք Կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրի սկիզբը»,-այս մասին ասել է ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ ելույթ ունենալով Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրում Կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ։
Փոխնախարարը նշել է, Հայաստանը՝ որպես համամարդկային արժեքների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի սկզբունքների կրող, հավատարիմ է դրանց խթանմանը թե´ ազգային և թե´ միջազգային մակարդակներում։
«Մենք մեծապես կարևորում ենք կանանց իրավունքների առաջխաղացումը հասարակական կյանքում, առաջնահերթ՝ ժողովրդավարական գործընթացներում։ Թավշյա հեղափոխության հաջողությունը, որին ամենակտիվ մասնակցությունն ունեցան նաև հայ կանայք և աղջիկները, դրա վառ ապացույցն է։
Այս փորձը վերահաստատում է պետության և հասարակության սոցիալ-քաղաքական կյանքում կանանց առանցքային դերը, հետևաբար նաև կանանց բարոյական և ֆիզիկական անվտանգ միջավայրի, հավասար իրավունքների ու հնարավորությունների ապահովման կարևորությունը։ Սա Հայաստանի կառավարության ծրագրի առաջնահերթություն է։
Հայաստանը 2018թ. հունվարին ստորագրել է Կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի եվրոպական կոնվենցիան (Կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի եվրոպական կոնվենցիան կոչվում է նաև Ստամբուլի կոնվենցիա, քանի որ ստորագրման է բացվել 2011թ. Ստամբուլում)։ Այդ համատեքստում արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ կոնվենցիան ներկայումս գտնվում է վավերացման ընթացակարգերի փուլում։ Անցյալ տարվանից գործում է նաև կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման Հայաստանի Հանրապետության օրենքը»,-մասնավորապես նշել է փոխնախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան