Իոանիսյան. Այս տեմպերով առերեսվելու ենք լուրջ խնդիրների
«Հեղափոխության հաջողության հաջորդ օրվանից սկսած ամեն օր սպասել եմ, որ այդ ուղղությամբ կլինի լուրջ ծանրակշիռ հայտարարություն իշխանության կողմից, առ այն, որ նախաձեռնում են Սահմանադրական փոփոխություններ կամ ավելի լուրջ բան եմ սպասել իրենցից, որ հանրաքվեով կամ այլ ճանապարհով պատրաստվում են չեղյալ հայտարարել նախկին չհանրաքվեն»,- Սահմանադրական փոփոխությունների հարցը իշխանությունների օրակարգում․ առաջնահերթությու՞ն, թե՞ քաղաքական խոստում» թեմայով քննարկմանն ասաց իրավապաշտպան, «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանը։
Նրա խոսքով, իրենց հայտարարությունների, գործողությունների արդյունքում պետք է չեղարկվեր այն փաստաթուղթը, որն այսօր կոչվում է Սահմանադրության, որով այսօր մեկ տարուց ավելի ապրում են նոր իշխանության օրոք, և մեկ մարդու համար գրված այդ փաստաթուղթը, մեկ մարդու իշխանությունը երկարաձգելու համար մտածված այդ փաստաթուղթը պետք է արդեն գոյություն չունենար։
«Այսօրվա մեր իրականության բոլոր խնդիրների հիմքում դրված է այդ փաստաթուղթը, որն անվանում ենք Սահմանադրություն։ Սահմանադրական դատարանի այդ ճգնաժամը, և մնացած բոլոր խնդիրները, որոնց բախվում են իշխանությունները, ժամանակ առ ժամանակ բախվելով այդ իրականությանն անում են այս կամ այն հայտարարությունը, դրանցից ոգևորվում ենք մի պահ, հետո նորից պարզվում է, որ այդ խնդիրները շրջանցելուց հետո մոռացության են մատնվում։
Այդ Սահմանադրությունից ձերբազատվելու ուղղությամբ հրապարակային հայտարարություններից բացի այլ քայլեր չեն արվում, ինչը տխուր է»,- ասաց Վ. Հարությունյանը։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանն ասաց, որ եթե Սահմանադրությանը ձեռք չեն տալիս, առնվազն գործադիր իշխանությունը պետք է ունենար լայնածավալ բարեփոխումների օրակարգ, որտեղ առնվազն այն խնդիրները, որոնք իսկապես պարբերաբար ի հայտ են գալիս հասարակությունում, պետք է այդքան չհասունանային։
«Այսօր երկու հնարավոր տարբերակներից որևէ մեկը չունենք՝ լայնածավալ բարեփոխումների օրակարգ, քննարկումներ Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։
Ակնկալել, որ այդ փաստաթղթի կենսագործունեության շրջանակներում կարողանալու ենք իսկապես ամրագրել հեղափոխական արժեքների հետագա զարգացումը, երբ առնվազն գոնե մեկ տարի հետո ՀՀ քաղաքացին ավելի խորը հիասթափություն չի ապրելու, կարծում եմ, որ դրա երաշխիքներն այլևս չունենք»,- ասաց նա։
Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոանիսյանն ասաց, որ վերջին մեկուկես ամսվա ընթացքում քննարկվողն ավելի շատ ոչ թե դատաիրավական բարեփոխումներ են, այլ դատարանների զտման մեխանիզմներ։
«Առաջ խոսվում էր վեթթինգի մասին, հիմա մի քիչ փոխվեց, ավելի շատ լինելու է ԲԴԽ կողմից իրականացվող ատեստավորման և հակակոռուպցիան մարմնի կողմից իրականացվող պաշտոնական համատեղեալիության ինչ որ որակավորում»,- ասաց նա։
Դ. Իոանիսյանը նշեց, որ այն պրոցեսները, որոնք տեսնում են ՍԴ-ում, խոսքը գնում է ոչ թե այդ համակարգի փոփոխությունների մասին, այլ համակարգը խնդրահարույց անձանցից ազատվելու մասին։ Նրա խոսքով, սակայն դա բավարար չէ, պետք են լայնածավալ, երկարաժամկետ դատաիրավական բարեփոխումներ, սակայն դրանց քննարկումներին ականատես չեն եղել ոչ խորհրդարանում, ոչ էլ հանրային շրջանակում։
Խոսելով Սահմանադրության մասին, նա ասաց, որ այն հիմնականում ժողովրդավարության իմիտացիայի Սահմանադրություն է՝ տարբեր ժողովրդավական մեխանիզմներ լինեն Սահմանադրությունում, բայց տարբեր մանրուքներով այդ մեխանիզմներն իրականում չգործեն։
«Ամեն օր լինում են կարճաժամկետ առաջնահերթություններ, որոնք ավելի բարձր հորիզոնական են գրավում, քան երկարաժամկետ բարեփոխումները, բայց ամեն դեպքում այս տեմպերով առերեսվելու ենք լուրջ խնդիրների»,- ասաց Դ. Իոանիսյանը։