Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է
«Մենք` հայերս, պետք է կարողանանք երջանիկ լինել մեր մեծ մարդկանցով, պետք է կարողանանք չափվել նրանցով, առավել ևս, նրանց դարձնել մեզ համար չափանիշ: Երջանիկ սերունդ էինք, որ ապրեցինք Մհերի հետ, աշխատեցինք միասին: Այդ սերունդը լավն էր, իսկ ինքը, իհարկե, ամենալավն էր»,- ասել էԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը։
Այսօր տաղանդավոր դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է։ Ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի Մհերը շատ դժվարին և տխուր մանկություն է ունեցել: Նա չհասցրեց մանկություն ունենալ, խաղալիք ունենալ և պարզապես երեխա լինել: Տարիներ անց Մհերը հիշում է, որ իր մանկության երազանքը հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չունեցավ:
«Ամեն անգամ, երբ հիշում եմ իմ մանկությունը, չգիտեմ ինչու այն ներկայանում է ինձ հեծանիվ քշող փոքրիկ տղայի տեսքով: Գուցե նրանից է, որ մանկության տարիներին միակ երազանքս հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չունեցա: Ժամերով կագնում էի խանութի ցուցափեղկի առաջ և երազում: Մայրս իր չորս որբերին հազիվ էր կերակրում, էլ ուր մնաց թե հեծանիվ գներ ինձ»:
Դեռևս փոքր հասակում սկսում է աշխատել Լենինականի տեքստիլ կոմբինատում: Պատերազմի տարիներին Մհերը կինոմեխանիկի աշակերտ էր, և նա օր ու գիշեր փակվում էր կոմբինատի կինոխցիկում: Հենց նրա կինոմեխանիկն էլ մի օր նրա ձեռքը բռնեց և տարավ ինքնագործ խմբի բեմ,որտեղ նա առաջին անգամ ծիծաղեցրեց հանդիսատեսին: Այդտեղից սկսվեց նրա թատերական կյանքը(frunzikmuseum.com):
Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-1946 թվականներին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր՝ ցուցաբերելով իր տարիքի համար անսովոր վարպետություն։ 1951-1956 թվականներին սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում (ղեկավար՝ Վաղարշ Վաղարշյան)։
1956 թվականին տեղափոխվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն:
1959 թվականին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրել է նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։
Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինոարվեստի ինքնատիպ անունների շարքում։ Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Իսայի («Խաթաբալա») դերերում։
Մհեր Մկրտչյանը եթե «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնությանց» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով։
Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։ Գյումրիում գործում է Մհեր Մկրտչյանի թանգարանը, որտեղ կան հարուստ նյութեր դերասանի կյանքի, ստեղծագործության վերաբերյալ, ինչպես նաև նրա անձնական իրերից։
Մկրտչյանն ունեցել է երկու անուն, առաջինը Մհեր. այսպես նրան դիմել են տանը, երկրորդը՝ Ֆրունզ. նրան անվանել են այդպես ի պատիվ հայտնի քաղաքացիական պատերազմի հերոս Միխայիլ Ֆրունզեի: Մի անձնագրում դերասանը ստորագրել է որպես Ֆրունզ Մկրտչյան, մեկ ուրիշում՝ որպես Մհեր Մկրտչյան:
«Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել...»։
Լուսանկարները՝ frunzikmuseum.com կայքից։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում