Կբարելավվեն կրթական հաստատությունների, մարզադպրոցների շենքային պայմանները, կներդրվեն ինժեներական լաբորատորիաներ
Հանրակրթական դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ներդրման անհրաժեշտությունից ելնելով՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է պետբյուջեի եկամուտների ավելացման հաշվին 834250.0 հազար դրամի չափով 284 դպրոցներում կստեղծվեն 284 ինժեներական լաբորատորիաներ:
Ավագ դպրոցների վերակառուցման և շենքային պայմանների, հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների նոր մարզադահլիճների կառուցման և մարզադահլիճների շենքային պայմանների բարելավման համար գործադիրն ընդունել է համապատասխան որոշում:
Ըստ այդմ՝ նախատեսվում է պետբյուջեի հարկային եկամուտների ավելացման հաշվին 374858.0 հազար դրամի չափով իրականացնել Մասիսի թիվ 5, Ալավերդու Սայաթ Նովայի անվան թիվ 8, Երևանի թիվ 109 ավագ դպրոցի, Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան թիվ 139, Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցների վերակառուցման, թվով 6 ավագ դպրոցների շենքային պայմանների բարելավման համար նախագծման, նոր մարզադահլիճների կառուցման կարիք ունեցող 10 հանրակրթական դպրոցների և մարզադահլիճների շենքային պայմանների բարելավման կարիք ունեցող 40 հանրակրթական դպրոցների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության, շենքերի տեխնիկական վիճակի հետազննության աշխատանքներ։ Արդյունքում՝ առավել բնականոն կկազմակերպվի հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը։
Կառավարության մեկ այլ որոշմամբ մանկապատանեկան մարզադպրոցների շենքային պայմանների բարելավման համար անհրաժեշտ 21,339.1 հազար դրամը նախարարությունն առաջարկում է տրամադրել 2019 թ. պետբյուջեի հարկային եկամուտներից: Նախատեսվում է բարելավել Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի, Հեծանվային սպորտի, և Թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների շենքային պայմանները:
Գործադիրի որոշումներով նախատեսվում է նաև.
-պետբյուջեի եկամուտների ավելացման հաշվին 38790.0 հազար դրամի չափով իրականացնել Շիրակի և Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջների առկա նախագծանախահաշվային փաստաթղթերը վերանախագծելու և վերափորձաքննություն անցկացնելու և թվով 40 հանրակրթական դպրոցների, հետագայում շինարարական աշխատանքներ կատարելու համար, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ:
-պետբյուջեի հարկային եկամուտների ավելացման հաշվին 68.465,3 հազար դրամի չափով իրականացնել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Գորիսի պետական համալսարանի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, «Զեյթուն» ուսանողական ավանի շենքային վատ պայմանների բարելավման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ իրականացնելու նպատակով։
-պետական բյուջեի հարկային եկամուտների ավելացման հաշվին 32,935.7 հազար դրամի չափով իրականացնել Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանի և Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի շենքային վատ պայմանների բարելավման համար նախագծանախահաշվային աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարևորել է, մասնավորապես, 284 հանրակրթական հաստատություններում ինժեներական լաբորատորիաների ստեղծումը և նշել, որ մեկանգամյա նման աշխատանքն աննախադեպ է, և առաջին անգամ է, որ պետբյուջեի միջոցներով են այդ աշխատանքներն իրականացվում: «Այս տարի պետք է այս աշխատանքը շարունակենք և հասցնենք 475 լաբորատորիաների, որովհետև այս լաբորատորիաներն իրենց նպատակին ծառայում են, և այնտեղ անցկացվող ռոբոտաշինության դասերն իրապես փոխում են երեխաների ապագան»,- ասել է փոխվարչապետը:
Այնուհետև, անդրադառնալով ընդհանուր ծրագրերին, Տիգրան Ավինյանը նշել է, որ դրանց իրականացման համար հատկացվող գումարը գոյացել է հավելյալ հավաքագրումներից, որոնք տնտեսվարողների և մեր քաղաքացիների վարքագծի փոփոխության շնորհիվ Պետական եկամուտների կոմիտեն կարողացել է հավաքագրել: Ըստ նրա՝ այս պրոցեսը պետք է լինի շարունակական: