Սահմանադրությունը պետք է ունենա հստակ երաշխավոր. Վարդան Այվազյան
«Սահմանադրությունը որպեսզի տարբեր մեկնաբանությունների ու խեղաթյուրումների առիթ չդառնա, այն պետք է ունենա հստակ երաշխավոր»,- այս մասին այսօր կազմակերած «ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» թեմայով խորհրդաժողովի ժամանակ նշեց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։
Նա մանրամասնեց, որ երբ վերցնում ենք նախագահական կառավարման ձևը, ապա այդտեղ ամենայն ճշգրտությամբ և հստակությամբ ամրագրվում է համապատասխան իրավական կառուցակարգերը, այսինքն Սահմանադրության երաշխավորը պետության գլուխն է՝ հանրապետության նախագահը։
«Երբ անցում կատարեցինք խորհրդարանական կառավարման ձևին, կարծես թե Սահմանադրության երաշխավորի ինստիտուտը դուրս մղվեց և նախագահին վերագրվեցին Սահմանադրության ոչ թե երաշխավորի, այլ հետևելու գործառույթներ, որոնք էլ հստակ չէին, անորոշ էին։ Հիմա այս պարագայում, որպեսզի Սահմանադրությունը տարակարծիք մեկնաբանությունների առարկա չլինի, այստեղ հիմնական խնդիրը Սահմանադրության երաշխավորի հարցն է»,- ասաց Այվազյանը։
Սահմանադրագետը նշեց, որ որպես կանոն խորհրդարանական կառավարման ձևում թույլատրելի է, որպեսզի նախագահը չլինի Սահմանադրության երաշխավորը, այլ հսկողություն իրականացնողը միայն մի պարագայում, եթե ունենք շատ բարձր իրավագիտակցական մակարդակ ունեցող հանրություն և բարձր, պրոֆեսիոնալ պատրաստված խորհրդարան։
«Եթե այս երկու հանգամանքը բացակայում է, ապա Սահմանադրության երաշխավորման խնդիրը մղվում է երկրորդ պլան և մենք ունենում ենք տարակարծիք մոտեցումներ։ Բոլոր դեպքերում Սահմանադրության մեկնաբանության մեթոդաբանության առումով պետք է բոլորս հասկանանք, որ Սահմանադրությունն իրենից ներկայացնում է կոնցեպտուալ փաստաթուղթ և ցանկացած պարագայում անթույլատրելի է դրա բառացի, քերականական մեկնաբանությունները, այն պետք է մեկնաբանվի բացառապես բովանդակային առումով»,- հավելեց Վարդան Այվազյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին