Ղազախստանի քաղաքացիներին կարգելեն վարել հայկական պետհամարանիշներով մեքենաներ
Ղազախստանի ներքին գործերի նախարար Եռլան Տուրգումբաևը ներկայացրել է հայկական, ռուսական, ղրղզական պետահամարանիշներով մեքենաների գրանցման հետ կապված ծրագրերը։ Այս մասին գրում է ղազախական պարբերականը։
«Շատ են բողոքները, որ Հայաստանի, Ղրղզստանի ու Ռուսաստանի տարածքում գրանցված մեքենաները խախտում են երթևեկության կանոնները»,-ասել է նախարարը։
Խախտում կատարած մեքենաների վարորդների նկատմամբ որևէ միջոց ձեռնարկել հնարավոր չէ, քանի որ տրանսպորտային միջոցը Ղազախստանում գրանցված չէ։
«Նրանք ձեռնարկատիրական գործունեությամբ են զբաղվում-ուղևորներ են փոխադրում։ Մենք առաջարկում ենք սահմանափակում մտցնել ու սահմանել տասն օր դրանց շահագործման համար։ Եթե տրանզիտ է մեքենան, ապա տասն օրվա ընթացքում պետք է հաշվառվի։ Ինչպես նաև արգելելու ենք Ղազասխտանի քաղաքացիների կողմից նման մեքենաների միջոցով ուղևորների, բեռների փոխադրման ծառայություններ մատուցելը»,-ասել է Եռլան Տուրգումբաևը։
Հիշեցնենք, վերջին բողոքի ակցիայի ժամանակ ավտոներկրողները հայտարարում էին, որ Ղազախստանի շատ քաղաքացիներ Վրաստանից ձեռք բերած մեքենաները գրանցում են Հայաստանի քաղաքացիների հասցեներով ու տեղափոխում Ղազախստան։ Նրանք պահանջում էին խնդրին շուտափույթ լուծում տալ։
Հարակից հրապարակումներ`
- Գյումրիում ավտոմաքսատուն կառուցելու համար անհրաժեշտ է 19-21 մլն դոլար. ՊԵԿ նախագահ
- Ցուցարարները սպառնացին՝ կիրակի Փաշինյանի տուն կգնան
- Ավտոներկրողներին կառավարությունում քննարկված որոշումը չի բավարարում