Շատ հազվադեպ է, որ Սահմանադրությունը չի պահանջում մեկնաբանություն. Դավիթ Հարությունյան
«ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» թեմայով խորհրդաժողովի ժամանակ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ իր ելույթում բացարձակապես չի պատրաստվում անդրադառնալ Սահմանադրության դատարանի դատավոր և անդամ թեմաներին։
«Համարում եմ, որ խնդիրն արհեստածին է, որ կարելի է հավասարեցնել «երկրագունդը տափակ է» հասկացության հետ և դրա վրա ժամանակ վատնել չէի ուզենա»,- ասաց նա։
«Շատ հազվադեպ է, որ Սահմանադրությունը չի պահանջում մեկնաբանություն, կան այդպիսի դեպքեր, օրինակ այն դեպքը, որ Ազգային ժողովն ընտրվում է հինգ տարի ժամկետով։ Այստեղ մեկնաբանման կարիք չկա, որովհետև իմաստն ակնհայտ պարզ է։ Շատ ավելի են այն դեպքերը Սահմանադրության մեջ, որոնք մեկնաբանման կարիք ունեն, և, երբ փորձում ենք հասկանալ իմաստը, հայտնվում ենք ծանր կացության մեջ, որովհետև, կարծես թե, տեքստը գրված է, բայց միևնույն է, այն բավարար չափով չի սահմանում ամեն մի դետալ։ Օրինակ՝ արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ ամեն ինչ շատ պարզ է, բայց ի՞նչ է նշանակում պատիժը մեղմացնող, գիտեք՝ Քրեական օրենսգրքում կա նվազագույն և առավելագույն պատիժ հասկացությունները։ Եթե նվազագույն պատիժը մեղմացվեց դա մեղմացնո՞ղ է, թե՞ չէ, եթե առավելագույնը նվազեցվեց, դա մեղմացնո՞ղ է, թե՞ չէ։ Յուրաքանչյուր այսպիսի նախադասություն իսկապես պահանջում է մեկնաբանություն, ինչը ստիպում է մշակել մեկնաբանման մեթոդաբանություն», - ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ Սահմանադրությունը դնում է սահմաններ, իսկ սուբյեկտիվ մոտեցումները հաճախ խախտում են այդ սահմանները։
Նա ընդգծեց, որ Սահմանադրությունը և օրենքները մեկնաբանելիս պետք չէ կանգնել միայն մեկ մեթոդի վրա։ Դա, նրա խոսքով, անթույլատրելի է ու կարող է այլասերել օրենքը։
«Ամերիկյան մեկ դասական օրինակ բերեմ՝ սագի պատմությունը, երբ սագը գտնվում էր երկաթգծերի վրա, ու շոգեքարշը, երբ անցավ սագի վրայով, առաջացրեց մի վեճ՝ սագի տերը սկսեց փոխհատուցում պահանջել երկաթուղուց՝ ասելով, որ շոհգեքարշի մեքենավարը խախտել է օրենքը, որտեղ գրված է՝ շոգեքարշի մեքենավարը պետք է արգելակի, եթե ուղիների վրա տեսնի որևէ խոչընդոտ կամ կենդանի։ Վեճը հասել է մինչև ամերիկյան Գերագույն դատարան, որը շատ հետաքրքիր մեկնաբանման է հանգել՝ ասել են՝ այո, բառացի նա կենդանի է, որը գտնվել է երկաթուղու գծերի վրա, բայց նորմի բուն գաղափարը տառացի մեկնաբանելով մենք կհասնենք աբսուրդի, որովհետև նորմի նպատակն ուղևորների կյանքը փրկելն է, այլ ոչ թե այդ կենդանու։ Մեքենավարը ակնհայտորեն հասկանում էր, որ մի սագը չէր կարող խոչընդոտ լինել ու վտանգ հանդիսանալ ուղևորների համար։ Այսինքն՝ մեկնաբանման մի մեթոդն առանձին, իզոլացված վերցնելով ու օգտագործելով մենք կարող ենք հանգել անհեթեթ դեպքերի», - ավելացրեց Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Եթե սահմանադրության տեքստը լի է հակասություններով, դրա մեկնաբանությունը դառնում է ռուսական ռուլետկա. Լյուֆթենհանդ
- Սահմանադրությունը պետք է ունենա հստակ երաշխավոր. Վարդան Այվազյան