ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը
Սահմանադրական դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա` ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» միավորված գործով դիմողի ներկայացուցիչ՝ փաստաբան Ա. Վարդևանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու վերաբերյալ 2019 թվականի հունիսի 25-ի միջնորդությունը։
Որոշման մեջ ասված է.
«Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 31-րդ հոդվածի, 61-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև 62-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց. «Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» միավորված գործով դիմողի ներկայացուցիչ՝ փաստաբան Ա. Վարդևանյանի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու վերաբերյալ 2019 թվականի հունիսի 25-ի միջնորդությունը մերժել հետևյալ պատճառաբանությամբ.
1) տվյալ միջնորդության մեջ դիմողի կողմից պետք է ներկայացվեին փաստեր, որոնցով դիմողը՝ որպես այդ փաստերի ապացուցման պարտականությունը կրող սահմանադրական դատավարության մասնակից, պետք է հիմնավորեր վիճարկվող դրույթների կասեցման մասին որոշում չընդունվելու դեպքում դիմողի կամ հանրության համար ծանր հետևանքների առաջացման հնարավորությունը, մինչդեռ դիմողի կողմից այդպիսի փաստեր չեն ներկայացվել:
Իսկ վիճարկվող դրույթների Սահմանադրությանը հակասելու՝ դիմողի կողմից բարձրացվող հարցը պետք է պարզվի դատաքննության միջոցով
2) hաշվի առնելով այն հանգամանքը, որ Քրեական օրենսգրքի վիճարկվող դրույթի կասեցումը հանգեցնելու է վիճարկվող դրույթի հիմքով իրականացվող և իրականացվելիք ցանկացած քրեական դատավարության և քրեական հետապնդման կասեցմանը, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դրա համար անհրաժեշտ են շատ ծանրակշիռ հիմքեր, որոնք կփաստեն անդառնալի կամ ծանր հետևանքները դիմողի կամ հանրության համար, մինչդեռ դիմողի կալանավորման փաստի առկայությամբ և դրանով նրա հիմնական իրավունքների ենթադրյալ խախտումներով՝ հանրության համար նման հետևանքներ չեն կարող առաջանալ, իսկ դիմողն իրավունք ունի վճռաբեկ բողոք ներկայացնել իր կալանավորման իրավաչափության հարցով, ուստի նրա համար որևէ անդառնալի կամ ծանր հետևանք նույնպես չի կարող առաջանալ»։