Գեղարքունիքի մարզի բոլոր կեղտաջրերն ու կոյուղաջրերը լցվում են Սևանա լիճ. Էրիկ Գրիգորյան
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Սևանա լճի որոշ ափերում ջուրը կանաչավուն գույն է ստացել, ինչն անհանգստացրել է բնապահպաններին:
Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները Շրջակա միջավայրի նախարար էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է Սևանը կանաչել, վերջինս էլ նշեց, որ պատճառը կապտականչ ջրիմուռներն են:
Նաև ասաց, որ կան մի քանի գործոններ, որ գումարվել են իրար՝ բարձր ջերմաստիճան, քամիների պատճառով գոլորշիացում, կեղտաջրերի մեծ ծավալներ, այսինքն՝ լիճ են լցվում սնուցող նյութեր՝ ֆոսֆորի, ազոտի լրացուցիչ քանակություն:
Հարցին, թե հնարավոր չէ՞ դա կանխել, Էրիկ Գրիգորյանն ասաց, որ Գեղարքունիքի մարզի բոլոր կեղտաջրերն ու կոյուղաջրերը լցվում են Սևան, իսկ մաքրման երեք կայանները միայն մեխանիկական մաքրման աշխատանք են կատարում. «Այսինքն՝ որակական փոփոխությունների համար լայնածավալ աշխատանքներ են պետք»:
Նախարարը միաժամանակ ասաց, որ ջրում առկա ֆոսֆորը նվազում է, առաջիկա 7-10 օրվա ընթացքում, մասնագետների գնահատականներով, կանաչ գույնը կանհետանա:
«Բացի այդ կեղտաջրերից, պետք է հաշվի առնել նաև գլոբալ տաքացումը: Ի վերջո ջերմաստիճանը, վատ բնակլիմայական պայմանները նույնպես գործոններ են: Բայկալ լճում, Սև ծովում նույնպես կապտականաչ ջրիմուռներ կան»,- ասաց էրիկ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ այս պահին Սևանի հետ կապված ամենակարևոր հարցը ախտորոշումն է։
«Մի քանի ուղղություններով գործողություններ արդեն արել ենք։ Այսինքն՝ հստակ հաշվարկել ենք ափամերձ տարածքներն ինչքան պետք է մաքրենք: Կարծում եմ, որ շատ արագ, երկու-երեք տարվա ընթացքում լճի մակարդակը կբարձրացնենք։ Ինչքան հնարավոր է նվազեցվել է ջրառը, կարող եմ ասել, որ հիմա Արարատյան դաշտի պոմպակայանները մեծ հզորությամբ աշխատում են, մինչդեռ սովորաբար դրանք օգոստոսին էին աշխատում»,-նշեց նախարարը:
Էրիկ Գրիգորյանը նշեց, որ այս տարի լճից ջրառը շատ ցածր է, քան նախորդ տարի։ Ըստ նրա՝ մոտ 15-20 մլն-ի չափով արդեն նվազ է, բացի դրանից, ջրամբարներում ջուր կա, այսինքն՝ ավելի ջրառ չի եղել:
Նա նաև հայտնեց, որ Հայաստանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի Սևանա լճին ՅՈւՆԵՍԿՕ-ի կարգավիճակ տրվի: Նրա խոսքով՝ դա հնարավորություն կտա մի կողմից գործողություններ իրականացնել ջրի որակի բարձրացման հետ կապված, մյուս կողմից՝ լրացուցիչ սոցիալ-տնտեսական խթաններ կստեղծի այնտեղ բնակվող քաղաքացիների համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան