Թունյան. Նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ լուծում ենք այն մարդկանց խնդիրը, որոնք աշխատում են, բայց աղքատ են
Նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցը կքննարկվի ԱԺ աշնանային նստաշրջանում ու, ամենայն հավանականությամբ, կապված թե ինչ որոշում կընդունի ԱԺ-ն, նվազագույն աշխատավարձը կլինի 68 հազար դրամ։ «Նվազագույն աշխատավարձը կտրուկ աճում է. նախաձեռնության սոցիալական արդյունքները» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը։
Նա նշեց, որ 4 մեթոդով հետազոտություն են անցկացրել, հաշվի է առնվել նաև, որ ոչ մի դեպքում չվնասվի փոքր կամ նոր ստեղծվող բիզնեսը։
Փոխնախարարն ասաց, որ նվազագույն աշխատավարձի բարձացումն ազդելու է պետական ոլորտի 35 հազար աշխատողների վրա, մասնավոր ոլորտում՝ 45 հազար։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն օրեր առաջ ընդունեց նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դրամ դարձնելու մասին նախագիծը։
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ իրենք դիտարկում են նաև այն աշխատողներին, ովքեր այսօր ստանում են 63 հազար դրամ ու դրանից ցածր աշխատավարձ։
«Եթե Հայաստանում ունենք նվազագույն աշխատավարձ հասկացությունը, ուրեմն տրամաբանական է, որ այն լինի առնվազն այն մակարդակի վրա, որում գտնվում է սպառողական զամբյուղի արժեքը, այլապես անիմաստ է դառնում»,- ասաց նա։
Բ. Թունյանը նշեց, որ այսպես լուծում են սոցիալական անապահով մարդկանց խնդիրը. «Այս քայլով մենք պարզպես լուծում ենք մարդկանց խնդիրը, որոնք այսօր աշխատում են, բայց աղքատ են»։
Նրա կարծիքով, Հայաստանում պետք է ստեղծել այնպիսի աշխատատեղեր, նպաստեն այնպիսի աշխատատեղերի ստեղծմանը, որոնք ոչ թե էժան են, այլ բարձր վարձատրվող, պետք է աշխատեն բարձր գնային սեգմենտի վրա։
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նշեց, որ եթե կա նվազագույն աշխատավարձ ու չի համապատասխանում միջազգային ընդունված չափանիշերին, պետք է ընդհանրապես դրա մասին չխոսել։
«Ավելի շատ վերլուծության կարիք ունի կողմնակի և ուղղակի ազդեցությունը բյուջեի, տնտեսության վրա։ Տնտեսության վրա ազդեցությունը լինելու է դրական»,- ասաց տնտեսագետը։
Հարակից հրապարակումներ`
- Գործադիրը հավանություն տվեց նվազագույն աշխատավարձի շեմը 55.000 դրամից 68.000 դրամ դարձնելու նախագծին
- Մշակվել է բանաձև, որով կսահմանվի ուսուցիչների աշխատավարձերի նվազագույն շեմ. նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան