«Արևիկ» ազգային պարկի բեզոարյան այծերը՝ հանքային ջուր խմելիս
WWF Հայաստանը, որը զբաղվում է վտանգված տեսակների պահպանությամբ, ինչպիսիք են՝ կովկասյան ընձառյուծը, հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, գորշ արջը և այլն, պարբերաբար տեսանյութեր է հրապարակում պահպանվող տարածքներից:
Այս անգամ WWF Հայաստանը ներկայացնում է Սյունիքի մարզի «Արևիկ» ազգային պարկում գտնվող կենդանիներին:
Տեսանյութերից մեկում բեզոարյան այծերն են, որոնք հանքային ջուր են խմում, երկրորդում՝ կատվազգիների ընտանիքին պատկանող եղեգնակատուն է, երրորդում՝ գորշ արջը:
«Արևիկ» ազգային պարկը ստեղծվել է 2009 թվականին։ Գտնվում է Սյունիքի մարզում Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի հարավային լանջին, ինչպես նաև Աստղաձոր և Նյուվադի գետերի ջրհավաք ավազանում։ Մակերեսը կազմում է 34 402 հա: Պահպանության օբյեկտը Մեղրիի եզակի բուսական և կենդանական աշխարհն է:
Ազգային պարկի տարածքում առկա են ուղղաձիգ բնական գոտիներ և լանդշֆտների տարբեր տեսակներ՝ ալպյան մարգագետիններ, լեռնային տափաստաններ, անտառային զանգվածներ, կիսաանապատներ։ Ունի հարուստ կենսաբազմազանություն՝ առաջավորասիական ընձառյուծ, բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, միջերկրածովային կրիա, հայկական իժ, կովկասյան ջրասամույր, կասպիական հնդկահավ, կովկասյան մայրեհավ:
Բուսական աշխարհը նույնպես հարուստ է։ Կարմիր գրքում գրանցված տեսակներից հանդիպում են չորապտեր արծվապտերային, Գրիֆիթի հուդայածառ, վայրի ձմերուկ, անմեռուկ կլորատերև, կատվադաղձ լերդախոտատերև, թրաշուշան աղասեր, սագասոխուկ ցողունավոր, սարդակիր կովկասյան, խոլորձ Շելկոնովիկի: