Զոհրաբ Մնացականյանն ու Բակո Սահակյանը հանդիպել են
Հայաստանին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն Արցախ մեկնարկել է նախօրեին Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմամբ:
ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ` Արցախի նախագահը կարևորել է նմանօրինակ պարբերական հանդիպումների անցկացումը, որն լավ հանարվորություն է ընձեռնում՝ ամփոփելու նախորդ շրջանում կատարած համատեղ աշխատանքները և նախանշելու հետագա անելիքները:
«Ես նաև տեղեկացնեմ համանախագահների հետ իմ հանդիպման մասին, և, ինչպես միշտ, ցանկանում եմ, որպեսզի դուք տեղյակ լինեք Արցախի զարկերակի մասին, ոչ միայն քաղաքական, այլ ընդհանրապես՝ տնտեսական, հանրային կյանքի զարգացումների հետ կապված»,- նշել է Արցախի նախագահը:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է. «Իսկապես մեր այս կանոնավոր աշխատանքը, կանոնավոր երկխոսությունը չափազանց մեծ նշանակություն ունի, որովհետև մենք այս ամենով կարողանում ենք համադրել և միասնական դիրքորոշումների մեջ շատ ավելի հստակ զգալ միմյանց մոտեցումները: Սա ինձ համար չափազանց կարևոր գործառույթ է, որովհետև այդ գործառույթն արտահայտվում է նաև անմիջապես բանակցային գործընթացում: Այս անգամ մեր այցը բավական հետաքրքիր է, և բավական հագեցած ծրագրով ենք այսօր միասին շատ կարևոր աշխատանք անելու: Ես կտեղեկացնեմ Ձեզ բանակցային գործընթացի շրջանակներում այս շրջանի զարգացումները և այն նկատառումները, որոնք կապված են մեր հիմնական հարցի հետ, գալիք ծրագրերը և խնդիրները, որոնք ունենք մեր առջև»:
Նախարար Մնացականյանը և Բակո Սահակյանը քննարկել են արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի և Արցախի համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման խաղաղ գործընթացին` երկուստեք ընդգծվել է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը և այս շրջանակներում հրադադարի ռեժիմի ամրապնդման, ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Արցախի նախագահը և Հայաստանի ԱԳ նախարարը շեշտել են Արցախի` որպես հակամարտության հիմնական սուբյեկտի որոշիչ ձայնի և ներգրավվածության կարևորությունը խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության ապահովման տեսանկյունից:
ՀՀ ԱԳՆ ղեկավարն իր զրուցակցին ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների մանրամասները: