«Ինչպես ես սիրեցի Ձեր երկիրը, Դուք էլ կսիրեք Հայաստանը». Աննա Հակոբյանը Վիետնամի վարչապետի տիկնոջը
Վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այսօր Հանոյում հանդիպել է Վիետնամի սոցիալիստական հանրապետության վարչապետի տիկին Թրան Նգույետ Թուին։
Հակոբյանի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը Աննա Հակոբյանը ներկայացրել է Հանոյում ստացած իր տպավորությունները՝ շեշտելով, որ նկատել է բարություն վիետնամցի ժողովրդի աչքերում, ըստ Հակոբյանի, այդ բարության հիմքը վիետնամական ավանդական երաժշտությունն է, որը լսելուց հետ անհնար է զգալ չարություն կամ զայրույթ։
«Ես գիտեմ, որ Հայաստանը դարավոր պատմություն և հարուստ մշակութային ժառանգություն ունի։ Եվ յուրաքանչյուր տարի Հայաստանն ունենում է զբոսաշրջիկների մեծ հոսք։ Ես հույս ունեմ, որ կկարողանամ այցելել Ձեր պատմական երկիրը»,- ասել է Թրան Նգյուետ Թուին։
«Ձեր երկիրը հիասքանչ է, և ես իսկապես սիրահարվել եմ Ձեր քաղաքին։ Այն շատ գեղեցիկ է և շատ հարմարավետ։ Ես հիացած եմ Ձեր ժողովրդի հյուրընկալությունից։ Ես հույս ունեմ, որ Դուք և Ձեր ամուսինը ժամանակ կգտնեք և կայցելեք մեր երկիր։ Ես ձեզ հրավիրում եմ Հայաստան և վստահ եմ, որ ինչպես ես սիրեցի Ձեր երկիրը, Դուք էլ կսիրեք Հայաստանը»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ փոխադարձ այցելությունները կնպաստեն ինչպես ընտանիքների, այնպես էլ երկու ժողովուրդների և պետությունների միջև բարեկամությանը։
Ի պատասխան Թրան Նգյուետ Թուին շեշտել է, որ Հայաստանն ու Վիետնամն ունեն դարավոր բարեկամություն և այսօր էլ պետք է ջանքեր գործադրել այդ հարաբերություններն առավել զարգացնելու ուղղությամբ։
«Մենք շնորհակալ ենք այն աջակցության համար, որ Հայաստանը ցուցաբերել է Վիետնամին ինչպես անկախություն ձեռք բերելու տարիներին, այնպես էլ հետագայում»,-ասել է Վիետնամի վարչապետի տիկինը։
Հանդիպմանը զրուցակիցները խոսել են կանանց դերի կարևորության և խաղաղության պահպանման մասին։
«Ամուսնուս հետ ճանապարհին խոսքում էինք, թե որքան հզոր է վիետնամցի ժողովուրդը, որ կարողացել է պայքարել և պահպանել իր անկախությունը Դա շատ խիզախ քայլ էր։ Ես գիտեմ, որ այդ ձեռքբերումը հեշտ չի եղել, եղել են զոհեր, կորուստներ, բայց պետությունը, երկիրը արժե դրան»,- ասել է վարչապետի տիկինը։
Ի պատասխան Վիետնամի վարչապետի տիկինը շեշտել է, որ հենց այդ զոհերի պատճառով է, որ իր երկիրն այդչափ կարևորում է խաղաղությունը։