Եղած ընկալումներն ահազանգում են մեկ վտանգի մասին, որ Սահմանադրության էությունը չեն հասկանում. Գևորգ Դանիելյան
«Սահմանդրության նշանակության մասին պատկերացումները գերակշռող հատվածի մոտ խոցելի են»,- այս մասին այսօր «Սահմանադրություն հանուն արարող Հայաստանի» թեմայով խորհրդաժողովի ժամանակ նշեց ԲԴԽ նախկին անդամ, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, ով դրանք վերլուծեց վերջին քաղաքական իրադարձությունների համատեքստում։
«Այդ քաղաքական իրադարձությունը հռչակվեց հեղափոխություն ու եթե դա հեղափոխություն էր, բնականաբար խախտվեց նաև Սահմանադրությունը, իրենց ներկյացուցիչներն էլ են այդպես ասում։ Եվ եթե խախտվել է Սահմանադրությունը, ինչպիսին պետք է լիներ հաջորդ քայլը, հաջորդ քայլով պետք է փոխվեր Սահմանադրությունը, բայց հաջողրդ քայլը եղավ այն, որ Սահմանադրությունը թող աշխատի, տեսնենք, հետևենք, գուցե լավ Սահմանադրություն է, կամ միգուցե իսկապես փոփոխելու կարիք կա։ Սա իրավական հարց է, եթե դուք խախտել եք Սահմանադրությունը և գտել եք, որ իսկապես այն խախտելու անհրաժեշտությունը կար, տրամաբանական էր այն, որ փոխվեր այս Սահմանադրությունը, որի կողմնակից եմ ես»,- մանրամասնեց իրավագետը։
Դանիելյանը նշեց, որ դատական համակարգի նկատմամբ եղած ընկալումներն իրեն ահազանգում են մեկ վտանգի մասին, որ Սահմանադրության էությունը չեն հասկանում։
«Մենք պատկերացնում ենք, որ սա փաստաթուղթ է, որը ցանկացած քաղաքական նկրտումների, կամայականությունների համար պետք է ճանապարհ հարթի, բայց եթե խոչընդոտում է, նշանակում է՝ այն տանում է դեպի ճգնաժամ, քաոս։ Ինձ համար միքիչ անհասկանալի է այն արտահայությունները, որ ասում են՝ Սահմանադրությունը չլուծեց այս ճգնաժամը»,- ասաց նա։