Ո՞վ է հակասական Ժոզեպ Բորելը, որը կլինի եվրոպական դիվանագիտության ղեկավարն ու կհաջորդի Մոգերինիին
«Ռուսաստանը հին թշնամի և սպառնալիք է», - ընդամենը մի քանի ամիս առաջ ասել է Իսպանիայի արտգործնախարար Ժոզեպ Բորելը, որն այժմ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնում է առաջադրված ու պետք է դառնա ԵՄ-ի դեմքը` Կրեմլի հետ հարաբերությունները բարելավելու գործում: Այս մասին գրում է Euronews-ը։
Եթե Բորելի թեկնածությունը հաստատվի, ապա նա այս պաշտոնում կհաջորդի Ֆեդերիկա Մոգերինիին, ով ղեկավարում էր ԵՄ դիվանագիտությունը 2014թ․-ից։
«Մենք ունենք նոր աշխարհ, որը մենք չէինք կարող պատկերացնել 5 տարի առաջ․ Թրամփը նախագահ չէր, Բրեքիսթը չկար, մեր հին թշնամին՝ Ռուսաստանը, կրկին ասում է «ես այստեղ եմ», և դա նորից սպառնալիք է, Չինաստանը հանդես է գալիս որպես մրցակից», - ասել է Բորելը:
Սա Բորելի առաջին հակասական հայտարարությունները չեն։ 72-ամյա արտաքին գործերի նախարարը, ով 1970-ականներից Իսպանիայի ու եվրոպական սոցիալիստական քաղաքականության մեջ ակտիվ գործունեություն է ծավալել, հաճախ քննադատության է ենթարկվել Իրանի «համակիր» լինելու, Թրամփին հրապարակային քննադատելու համար։
Ծնունդով կատալոնացի քաղաքական գործիչը հանդես է եկել որպես Եվրամիության խիստ կողմնակից ու քննադատել Կատալոնիայի անջատողական շարժումը, որը հանգեցրեց 2017 թ. հոկտեմբերին չստացված անկախության հռչակագրի ստորագրմանը:
Քննադատները սոցիալական մեդիաում իրենց դժգոհությունն են արտահայտում Բորելի առաջադրման հետ կապված ու թվիթերում լայն տարածում է գտել #StopBorrell հեշթեգը։
Այս տարվա սկզբին Բորելը Գերմանիայի հանրային հեռարձակող Deutsche Welle-ի հետ հարցազրույցի ժամանակ ուղղակի լքել էր տաղավարը, երբ նրան հարց էին ուղղել Կատալոնիայի անկախության կալանավորված առաջնորդների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։
Բորելը 2004-ից 2007թթ․-ներին եղել է Եվրոպական խորհրդարանի նախագահ։ 2018թ․-ից Իսպանիայի ԱԳ նախարարն է։
2015թ․-ին նա մեղադրվել է կոռուպցիոն գործունեության մեջ ու ստիպված է եղել հրաժարվել Abengoa վերականգնվող էներգիա արտադրող ընկերության խորհրդի անդամությունից, որը շուտով սնանկ է ճանաչվել։ Նախորդ տարի տուգանվել է 30 հազար եվրոյով՝ ներքին առքուվաճառքով ընկերության բաժնետոմսերը վաճառելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին