Միջինը 10 տոկոսով անշարժ գույքի գները բարձրացել են
Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած փոփոխություններից հետո միջինը 10 տոկոսով անշարժ գույքի գները բարձրացել են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ակցեռն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանը:
«Բնականաբար, քաղաքական փոփոխությունը չէր կարող իր ազդեցությունը չթողնել տնտեսության, մասնավորապես, անշարժ գույքի շուկայի վրա: Միջինը մոտ 10 տոկոսով անշարժ գույքը թանկացավ, բայց պահանջարկն ավելի բարձր էր, քան 10 տոկոսի հարաբերակցությունը: 30-40 %-ի չափով ակտիվություն նկատվեց, սակայն 30 տոկոս թանկացում չֆիքսվեց, քանի որ ակտիվության ցուցանիշն այլ բան է, գույքի վերջնական ձեռքբերումն՝ ուրիշ։ Այսինքն՝ ռիսկեր, սպասողական դիրքորոշում կար»,- նշեց Հակոբ Բաղդասարյանը:
Մասնագետը կարծում է, որ այս տարի անշարժ գույքի շուկայում ակտիվության ցուցանիշը կարող է նվազել:
Անդրադառնալով հարկային փոփոխություններին՝ Հ.Բաղդասարյանն ասաց, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունը 6 ամսով ուշացել է, ինչը ևս բացասական կարող է ազդեել անշարժ գույքի շուկայի վրա. «Այսինքն՝ կան քայլեր, որոնք հետ չպետք է ընկնեն: Խելացի քայլ կատարելը մի բան է, ճիշտ ժամանակին կատարելը մեկ այլ»։
Նա միաժամանակ դրական համարեց Հարկային օրենսգրքով եկամտահարկի համահարթեցումը, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսի համար նախատեսված պարզեցումները, որոնք հավասարակշռված վիճակ կարող են ստեղծել ոլորտում:
Նա նաև դրական համարեց եկամտահարկի հետվերադարձելիությունը, որն որդեգրվել է նախորդ կառավարության օրոք և պահպանվել է նաև գործող կառավարության կողմից։ «Եկամտահարկի հետվերադարձելիությունն ակտիվացնում է հիփոթեքային շուկան՝ առանց պետությանը վնաս տալու»,- ասաց մասնագետը:
Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ խոսելով՝ անշարժ գույքի հիփոթեքային վարկերից՝ նշեց, որ խոչընդոտող հանգամանքներից մեկն այն է, որ վարկ տրամադրելու համար քաղաքացիներից հիմնականում պահանջվում է մաքուր 250 հազար դրամ աշխատավարձ. «250 հազար դրամ մաքուր աշխատավարձի դեպքում այն պետք է կազմի առնվազն 320 հազար դրամ աշխատավարձ, իսկ երիտասարդների մեծ մասը այդպիսի աշխատավարձ չի ստանում Հայաստանում։ Իհարկե նվազագույն աշխատավարձի բարձրացումը կարող է որոշ շեմերի վրա ազդել, բայց 250 հազար դրամի մասով էական փոփոխություն չի կրի»:
Ինչ վերաբերում է գույքահարկի բարձրացմանը, Գագիկ Մակարյանն ասաց, որ գույքահարկը հիմնականում գնում է տեղական ինքնակառավարման մարմիններին, և ենթադրել, որ գույքահարկի բարձրացումը կհանգեցնի ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, դա այդպես չէ: «Օրինակ, Երևանի քաղաքապետարանն ունի ուռճացված ապարատ: Անշուշտ գովելի կլիներ, որ լրացուցիչ եկամուտները ուղղեն ծառայությունների որակի բարձացմանը կամ համայնքների զարգացմանը, բայց դրա համար պետք է որոշակի վստահություն և գործիքակազմ նկատեինք»։