Վեց մարդու կյանք խլած ավտովթարի գործով ձերբակալվել է «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդը
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում շարունակվում է վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձերբակալվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը: Այս մասն հայտնում են Քննչական կոմիտեից։
2019 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետև հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում, ինչի հետևանքով ստացած այրվածքներից «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս հինգ ուղևորները տեղում մահացել են, «ԳԱԶԵԼ»-ում գտնվող մյուս ուղևորները, ինչպես նաև «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոններ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:
Կատարված դեպքի վայրի զննությամբ «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է 6 այրված դի. զննությամբ պարզվել է, որ 6 դիերից մեկն արական սեռի է, հինգը՝ իգական:
Քննությամբ պարզվել է հայտնաբերված դիերից հինգի ինքնությունը, իսկ մեկ իգական սեռի դիակի ինքնությունը դեռևս պարզված չէ: Պարզվել էին նաև «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի՝ այրվածքներ ստացած ևս յոթ ուղևորների, ինչպես նաև՝ «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայում վթարի պահին գտնված թվով չորս անձանց ինքնությունը:
Ավտովթարի մասնակից «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և դեպքի պահին ավտոմքենայում գտնված ևս մեկ անձ վնասվածքներ չեն ստացել:
Քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ: Այսօր ենթադրյալ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհարժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ վթարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Արարատի վթարի հետևանքով 2 տուժածի վիճակը շարունակում է ծանր մնալ, 1-ինը՝ ծայրահեղ ծանր
- Պարզվում են 6 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի հանգամանքները. Քննչական կոմիտե
- Մարդատար տրանսպորտային միջոցները պետք է դիզել օգտագործեն, որ նման բռնկում չլինի. Ֆելիքս Ցոլակյան
- Արարատի ավտովթարից տուժածները այժմ 13-ն են
- Արարատի ողբերգական վթարից տուժած 11 մարդու անունները հայտնի են
- Երասխ. վթարի վայրում՝ վեց այրված դի
- Զոդի կամրջի մոտ տեղի ունեցած վթարից զոհեր կան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան