Քաղաքապետարանում աղբը չհանդուրժեցին, իսկ բնակիչներին հորդորում են ըմբռնումով մոտենալ
Վատ աղբահանությունից, իսկ ավելի ճիշտ աղբահանության բացակայությունից դժգոհող մի քանի քաղաքացիների կողմից քաղաքապետարանի մուտքի դիմաց լցրած աղբը րոպենների ընթացքում մաքրվել է։ Panorama.am-ի լուսանկարիչը ֆիքսել է, որ աղբը հեռացված է, աստիճանները՝ մաքրած, պատուհաններն էլ մաքրում են։
Ուշագրավ է, որ աղբահանության խնդրին ըմբռնումով մոտենալու կոչ անող քաղաքապետարանում մի քանի րոպե չհանդուրժեցին այդ վիճակը, մինչդեռ բազմակաբնակարան շատ շենքերում աղբի կուտակումից գարշահոտ է տարածված։
Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն արձագանքել է ակցիային։ Նա գրել է.
«Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության նախկին (2017-ի գումարման) անդամ Սոնա Աղեկյանը մի քանի հոգու հետ միասին «բուրավետ» պերֆորմանս է արել քաղաքապետարանի դիմաց՝ կենտրոնական մուտքի մոտ լցնելով ինչ-որ տեղից բերված աղբը։
Չգիտեմ, թե որքանով են քաղաքացիները ճիշտ հասցե ընտրել իրենց բողոքի համար, քանի որ հայտնի է, որ մինչ օրս «Սանիթեք» ընկերությունն է ըստ պայմանագրի համարվում աղբահանության օպերատորը։
Աղբահանության նորաստեղծ համայնքային հիմնարկը կոչված է ապահովել քաղաքի մաքրությունը հիմնական օպերատորի անկարողության դեպքում, և հիմնարկը հիմա համալրվում է անհրաժեշտ մարդկային և տեխնիկական ռեսուրսով։ Մոտ օրերս Երևան կհասնի նոր աղբարկղերի խոշոր խմբաքանակ, իսկ մի քանի շաբաթից կժամանի աղբատար մեքենաների մի մասը, որը զգալիորեն կթեթևացնի աղբահանության հարցը։
Ընդհանուր, ինչպես հայտնի է, գնվել է 24 մեքենա, ևս 10-ի գնումը ընթացքի մեջ է։
Առկա անբավարար վիճակը ստեղծվել է տարիների ընթացքում և պատճառները բազմապիսի են։ Այնուհանդերձ, ևս մեկ անգամ հայցում ենք համաքաղաքացիների ներողամտությունը ստեղծված անհարմարության համար և խնդրում ենք զինվել համբերությամբ։ Աղբի խնդրի լուծումը շատ մոտ է»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիները աղբը հանձնում են Երևանի քաղաքապետարանին
- Թեհմինա Վարդանյան. Աղբահանության խնդրի լուծման ուղղությամբ հետքայլ է
- Երևանի քաղաքապետարանը կստեղծի աղբահանության և սանիտարական մաքրման նոր հիմնարկ