Վրաստանի վթարը խոսում է անզգուշության ու անտարբեր վարքագծի մասին. Ֆելիքս Ցոլակյան
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցած ողբերգական վթարին, որի հետևանքով զոհվել է ՀՀ երեք, տուժել՝ 5 քաղաքացի, նշեց, որ Առողջապահության և ԱԻՆ փոխնախարարները եղել են Թբիլիսիում, հանդիպել են տուժածների հետ:
Նրա խոսքով, տուժածներից երկուսը՝ մեքենայի վարորդն ու որդին, ծանր վիճակում են, իսկ երեքի վիճակը համեմատաբար լավ է:
«Նրանց հիմա շտապօգնության մեքենայով տեղափոխում են Հայաստան: Հավանաբար, վաղը երկու տուժածներին էլ սանիտարական ինքնաթիռով տեղափոխեն Հայաստան»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
Նախարարի կարծիքով՝ վթարի պատճառը եղել է վարորդի սխալը. «Փոքր մեքենայի մեջ եղել է 8 մարդ, բեռնախցիկում՝ երկու երեխա: Սա արդեն խոսում է անզգուշության ու անտարբեր վարքագծի մասին: Ես կոչ եմ անում բոլորին զգույշ լինել»,-նշեց նա:
Նախարարը ընդգծեց, որ ավտոմեքենաների տեխզննման գործընթացը պետք է խստացվի, այս ուղղությամբ կոնկրետ ու կտրուկ քայլեր պետք է ձեռնարկվեն:
Ըստ Ֆելիքս Ցոլակյանի՝ ԱԻՆ-ի զբաղվածությունն այսօր ֆանտաստիկ ծանր է, կա հրդեհների աննախադեպ քանակ՝ անցած տարվա համեմատ 1600-ով ավելի:
«Այս հրդհները շատ հաճախ մարդկային գործոնի արդյունք են: Խոտածածակ տարածքներ են այրվում, որոնք մոտ են բնակավայրերին, շենքերին, անտառներին: Մենք մեկ ամսվա մեջ արդեն 4-5 անտառային հրդեհի դեպք ենք ունեցել: Ամեն պետական մարմին պետք է իր ֆունկցիան ճիշտ կատարի, որպեսզի այդպիսի իրավիճակ չստեղծվի: Խոտը պետք է ջրվի, ժամանակին հնձվի, որը չի արվում, դրա համար հեկտարներով այրվում են: Երևանում գիշերը էլի հսկայական տարածություն վառվում էր: 10-15 հա-ով այրվում են, որոնք բնակելի տարածքների մոտ են լինում: Հիմա սրան զուգահեռ տեղի են ունենում դժվախտ պատահարներ, որոնց պատճառը նորից մարդկային գործոնն է»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ճանապարհին տեղի ունեցած պատահարից տուժածները տեղափոխվում են Հայաստան
- Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի վթարից ՀՀ քաղաքացիներ են զոհվել