Բակո Սահակյան. Մեծ է Արման Կիրակոսյանի ավանդն Արցախի շահերի պաշտպանության գործում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի ընտանիքին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Ջոնի Կիրակոսյանի վաղաժամ մահվան մասին:
Արման Կիրակոսյանը հայ լավագույն դիվանագետներից էր, մարդ, ով, զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատում և դիվանագիտական առաքելություններում, իրեն դրսևորել է որպես փորձառու, բանիմաց, հմուտ մասնագետ, պարկեշտ և հայրենասեր անձնավորություն:
Մեծ էր նրա ավանդն Արցախի շահերի պաշտպանության, տարբեր միջազգային հարթակներում մեր հանրապետության մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացման գործում:
Արման Կիրակոսյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով»։