Այսօրվանից ուժի մեջ է մտնում Թբիլիսի-Մոսկվա ուղիղ չվերթների արգելքը
Ռուսական ավիաընկերությունն իրականացրել է վերջին ուղիղ չվերթը Թբիլիսի-Մոսկվա, քանի որ այսօրվանից՝ հուլիսի 8-ից, ուժի մեջ է մտնում ՌԴ որոշումը, որով արգելվում է չվերթները դեպի Վրաստան։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Շերեմետևո օդանավակայանում։ Այս մասին գրում է Gazeta-ն։
Վրացական «Georgian Airways» ավիաընկերության առևտրային տնօրենի տեղակալ Տամունա Տանդաշվիլին հայտարարել է, որ չնայած, Ռուսաստան թռիչքների արգելքին, երկու երկրների միջև ավիափոխադրումները կշարունակվեն։
Տանդաշվիլին ֆեյսբուքում գրել է, որ ընկերության ինքնաթիռները Մոսկվա կուղևորվեն տրանզիտով՝ Երևանով։ Նա նշել է, որ դա տեղի կունենա օրական երկու անգամ: Բացի այդ, ուղևորները ստիպված չեն լինելու դուրս գալ ինքնաթիռից ու վերցնել ուղեբեռը:
Ավիաընկերությունը տեղափոխելու է 40 հազար ուղևորի, որոնք արդեն ձեռք են բերել տոմսեր: