ԶՊՄԿ-Ն՝ Ամերիաբանկի աջակցությամբ, թողարկում է ավելի քան 50 միլիոն ԱՄՆ դոլար արժեքով պարտատոմսեր
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ Ամերիաբանկի աջակցությամբ, նախաձեռնել է ՀՀ արժեթղթերի հանրային շուկա մուտք գործելու գործընթաց և պատրաստվում է ՀՀ կենտրոնական բանկ գրանցման ներկայացնել ՀՀ արժեթղթերի շուկայում ոչ ֆինանսական կազմակերպությունների համար աննախադեպ՝ 50 միլիոն ԱՄՆ դոլար և 2.5 միլիարդ ՀՀ դրամ ծավալներով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագիր:
«Սա հերթական նշանակալի քայլն է՝ ուղղված ԶՊՄԿ-ի հանրայնացմանը, որի շրջանակներում համապատասխան իրավական ակտերով նախատեսված պահանջներից առավել ընդարձակ կերպով բացահայտվելու են ընկերության ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները, զարգացման հեռանկարային ծրագրերը, երկրաբանական և այլ տվյալներ: Ընդ որում, այդ ճանապարհին ամբողջությամբ կհրապարակվի նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի և շահառուների ցանկը՝ մինչև վերջին ֆիզիկական անձը՝ անկախ նրանց մասնակցության չափից»,-հայտնում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից։
Ըստ աղբյուրի, այս նախաձեռնությունն արդյունք է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Ամերիաբանկի հարաբերությունների որակական նոր մակարդակի, համահունչ է ընկերության որդեգրած թափանցիկության, հրապարակայնության ու հանրային հաշվետվողականության քաղաքականությանը և ուղղված է երկրի տնտեսության, մասնավորապես, արժեթղթերի շուկայի և բորսայական առևտրի զարգացմանը:
Հարակից հրապարակումներ`
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հրավերով Հայաստան է ժամանել աշխարհահռչակ TRAFIGURA ընկերության գլխավոր տնօրենը
- Տեղեկատվություն տարածողների անիրազեկվածությունը անարգանք է լսարանի նկատմամբ. Զանգեզուրի պղնձակոմբինատ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան