Այս տարի ՔԿՀ-ներում 13 մահվան դեպք է գրանցվել
2019 թվականին՝ առ այսօր, քրեակատարողական հիմնարկումներում գրանցվել է մահվան 13 դեպք։ Հիմնականում, որպես կանոն, կապված են հիվանդությունների հետ՝ սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, լեյկոզ, նաև ինքնասպանություն (2 դեպք)։ Տվյալները լրագրողներին ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման բաժնի պետի տեղակալ Անդրանիկ Բաղդասարյանը։
Նա նշեց, որ մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել են քաղաքացիական բուժհաստատություններում, այսինքն դատապարատյալը կամ կալանավորված անձը ունենալով հիվանդություն, համապատասխան բուժօգնությունը ցուցաբերելուց հետո դրական արդյունք չի գրանցվել, մահ է արձանագրվել։ Նա նշեց, որ 2018-ին ողջ տարվա ընթացքում գրանցվել է մահվան 18 դեպք, որից 7-ը քաղաքացիական բուժհաստատություններում, 2017-ին՝ 17 դեպք, 8-ը՝ քաղաքացիական բուժհաստատություններում։
Դիտորդական խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանն ասաց, որ 6 ամսվա ընթացքում 13 մահվան դեպք ունենալը մտահոգիչ է, համեմատելով 2018-ի դեպքերի հետ կարելի է ասել, որ տեղի է ունեցել աճ։ Նա նշեց, որ կան ակնհայտ, տեսանելի պատճառներ՝ բուժսպասարկման հասանելություն և պատշաճ որակ, ՔԿՀ-ներում ժամանակին չեն իրականացվում այն հետազոտությունները, անհրաժեշտ ուսումասիրությունները, որոնք կբացահայտեն անձի մոտ առկա առողջական խնդիրները, ըստ այդմ տրամադրել պատշաճ բուժօգնություն, իսկ իրականացման դեպքում էլ չեն լինում պատշաճ որակի կամ ուշացած են լինում։
Հ. Հարությունյանն ասաց, որ յուրաքնաչյուր տարի ականատես են լինում դեպքերի, բայց չի հիշում որևէ մահվան դեպք, երբ հարուցված քրեական գործի շրջանակում կիրականացվի արդյունավետ քննություն, վեր կհանվեն այն պատճառները, որոնք մահվան հիմք են հանդիսացել։
Դիտորդական խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանն ասաց, բժիշկները չեն ցանկանում աշխատել ՔԿՀ-ներում, բուժակները հազիվ են հասցնում, մինչդեռ պետությունը ՔԿՀ-ներում պետք է բուժսպասարկումն ապահովի կատարյալ կարգով, չզիջի քաղաքացիական հիվանդանոցների պահանջներին։
Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն ՊՈԱԿի Վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի պետ Դիանա Հովսեփյանի խոսքով, ՔԿՀ-երում համապատասխան պայմաններ, տեխնիկա չկան, ինչքան էլ բժշկական սպասարկում իրականացնող անձնակազմը վերապատրաստված լինի։
Անդրանիկ Բաղդասարյանն ասաց, որ փետրվարից բոլոր ՔԿՀ-ներում գործում են հերթապահ բժշկական անձնակազմ, սակայն ունեն բավականին շատ հաստիքների պակաս։