Արցախում ներկայացվել են Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում արտախորհրդարանական 10 ուժերի մասնակցությամբ քննարկվել է Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի նախագիծը:
Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, բացելով հանդիպումը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին հրավերն ընդունելու համար և ընդգծել երկրի համար նման կարևոր փաստաթղթի շուրջ քննարկումների կազմակերպումը՝ ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին համապատասխան օրենսգիրք ունենալու առումով:
Աժ նախագահը նաև նշել է, որ հունիսի 27-ի հերթական նիստում Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Արցախի Հանրապետության ընտրական օրենսգիրքը և երկրորդ ընթերցումից առաջ նման ձևաչափով քննարկումների անցկացումը հնարավորություն կտա հավաքագրել ոչ միայն խորհրդարանական, այլև՝ արտախորհրդարանական ուժերի առաջարկները և ներկայացնել կառավարություն:
Այնուհետև Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը ներկայացրել է նոր ընտրական օրենսգրքի նախագծի հիմնական ուղղությունները, նորամուծությունները և փոփոխությունները, որից հետո արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները առաջադրել են հարցեր և հանդես եկել առաջարկություններով:
Երկրորդ ընթերցումից առաջ առաջարկությունների ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 11-ն է:
Քննարկմանը մասնակցել են նաև խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ: