«Ոսկե ծիրան». Դարյա Շումակովան սիրահարված է Հայաստանի հոգևոր գեղեցկությանը
«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի «Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագիրը մեկնարկել է հայ-ռուսական համատեղ արտադրության «Ես տուն կվերադառնամ» լիամետրաժ ֆիլմով։ Ֆիլմի ռեժիսորն է Դարյա Շումակովա, պրոդյուսերը՝ Բենիկ Առաքելյանը։ Լրագրողների հետ հանդիպմանը Դարյա Շումակովան ասաց, որ ֆիլմն արդեն ներկայացվել է ռուսական, ամերիկյան փառատոներում։
«Ես հանդիպեցի Բենիկի հետ, նա առաջարկեց ինձ ֆիլմ նկարահանել իր իր գյուղի՝ Մովսեսի մասին։ Նա ասաց, որ ցանկանում է ֆիմը լինի մի տղայի մասին, ով սպասում է պատերազմից վերադարձող հորը, բայց չի ցանկանում, որ կադրերում պատերազմ լինի, այլ լինի մարդու մասին։ Ինձ շատ հետաքրքրեց։ Ես համաձայնվեցի ու ասացի, որ սկսում ենք քո գյուղ այցելելով»,- պատմեց ռեժիսորը։
Բենիկ Առաքելյանն ասաց, որ իրենց առջև դրված խնդիրը լուծել են:
«Մենք Մովսեսում տեսել ենք պատերազմ և այսքան տաի անց մենք գեղարվեստական ֆիլմ ենք նկարահանում։ Մենք ցանկանում էինք նկարահանել հայ-ռուսական կինո, այդ պատճառով բոլոր դերասաններին ընտրել ենք Երևանից: Կարծում եմ` Դարյան հայկական կոլորիտը ներկայացրել է ճիշտ՝ իր պատկերացմամբ»,-նշեց պրոդյուսերը:
Դարյա Շումակովան ասաց, որ ինչպես ինքը, այնպես էլ ռուս օպերատորը, նկարիչը սիրահարված են ամեն ինչին՝ գույներին, քարերին։
«Շատ եմ շրջագայել աշխարհով, բայց հոգևոր գեղեցկություն հազվադեպ եմ տեսել։ Հայաստանում ես տեսա այդ գեղեցկությունը՝ ամեն ինչ գեղեցիկ էր՝ սկսած թռչուններից դայլայլից»,- ասաց ռուս ռեժիսորը։
Ֆիլմի մասին
Հայ ընտանիքի պատմություն է: Հայրը վերադառնում է պատերազմից, բայց նրա որդին չի համակերպվում, որ տանը ևս մեկ՝ հասուն տղամարդ պիտի լինի: Փոքրիկի ուղեղում ահռելի հոգեբանական հակասություն է հասունանում, որը դրդում է տղային հեռանալ տնից: Դա նպաստում է, որ երեխան բացահայտի ինքն իրեն և հասկանա իր զգացմունքներն ու մտքերը:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեկնարկել է հուլիսի 7-ին։ Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպես նաև աշխարհի հեղինակավոր կինոփառատոներից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից, ընտրվել են մի շարք կինոնկարներ: Փառատոնն ունի միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական) մրցութային ծրագիր, որը ներառում է 12 ֆիլմ ավելի քան 17 երկրներից և կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթ, որը ներառում է 25 ֆիլմ՝ Հայաստանից, Թուրքիայից, Իրանից և Վրաստանից:
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան». «Աստված գոյություն ունի, անունն էլ՝ Պետրունյա»
- «Ոսկե ծիրան». Չինացի ռեժիսորը ցանկացել է ցույց տալ, որ սերը բոլորի համար է
- Ռալֆ Յիրիկյան. «Ոսկե ծիրանը» բարձր նշաձող է սահմանել ոչ միայն մեր, այլև կինոփառատոնային արվեստը գնահատող այլ երկրներում
- «Ոսկե ծիրանի» մեկնարկը տրված է
- «Ոսկե ծիրանը»-ը կմեկնարկի Չուն-հո Պոնի «Մակաբույծը» ֆիլմով
- Հուլիսի 7-ին կմեկնարկի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը
- «Ոսկե ծիրանի» ազդագրային արվեստը
- «Ոսկե ծիրան». «Տիտանիկի» դերասանների հետ աշխատած մասնագետը կգա Հայաստան
- «Ոսկե ծիրանը»՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների գնահատմամբ
- «Ոսկե ծիրանի» ֆիլմերն ու ժյուրին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան