ԵԽ հանձնակատար․ Երբ մարդու իրավունքները չեն հարգվում Թուրքիայում, մարդիկ էլ իրենց ապահով չեն կարող զգալ
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է արել Թուրքիային ապահովել դատական համակարգի անկախությունն ու պաշտպանել մարդու իրավունքների համար պայքարող իրավապաշտպաններին։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Միյատովիչը գրավոր հայտարարություն է տարածել՝ ամփոփելով նախորդ շաբաթ Թուրքիա կատարած իր այցի արդյունքները։
«Թուրքիան շատ շտապ պետք է միջոցներ ձեռնարկի՝ վերականգնելու դատական համակարգի նկատմամբ վստահությունը: Պետք է վերականգնել այն վնասը, որը հասցվել է համակարգին «արտակարգ դրության» ռեժիմի ընթացքում»,- ասված է հայտարարության մեջ։
ԵԽ հանձնակատարն ընդգծել է, որ մարդու իրավունքների խախտումները Թուրքիայում ամենից հաճախ գրանցվում են ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում հարուցված քրգործերով։
«Թուրքիան իրավունք ունի պայքարելու ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ։ Սակայն չի կարելի անվտանգություն ապահովել՝ առանց մարդու իրավունքները հարգելու։ Երբ մարդու իրավունքները չեն հարգվում, մարդիկ էլ իրենց ապահով չեն կարող զգալ։ Ահաբեկչության դեմ պայքարելիս մարդու իրավունքների ոտնահարումը վնաս է հասցնում իրավական պետության ու դատական համակարգի նկատմամբ վստահությանը», - նկատել է տվել Միյատովիչը։
Նա հիշեցրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ևս քննադատել է Թուրքիային ահաբեկչության և կազմակերպված հանցավոր խմբերին անդամակցելու մասին դրույթներում առկա շատ ընդհանուր, ոչ կոնկրետ ձևակերպումների համար։
ԵԽ հանձնակատարը ողջունել է դատական համակարգում բարեփոխումներ կատարելու Թուրքիայի ծրագրերը, բայց ընդգծել է, որ անհրաժեշտ է սահմանադրության շրջանակներում ապահովել դատական համակարգի անկախությունը և արդար դատավարությունների անցկացումը։
Միյատովիչը նաև նշել է, որ ժողովրդավար հասարակություն ունենալու համար կարևոր է մարդու իրավունքների պաշտպանների ազատ գործունեությունը։ Այս առումով նա քննադատել է Թուրքիային, որտեղ պաշտոնյաները ճնշումներ են գործադրում մարդու իրավունքների համար պայքարող իրավապաշտպանների վրա և նրանց դեմ դատի տալիս: