Մանվել Գրիգորյանի հարազատներին պատականող ընկերությունների աշխատողներն աշխատավարձ չեն կարողանում ստանալ
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի մերձավորներին, հարազատներին պատկանող երկու ընկերության ոչ միայն գույքն է արգելանքի, կալանքի տակ, նաև ընկերությունների հաշվարկային հաշիվները։ Դատական նիստում Մ. Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի հաշվարկային հաշիվների վրայից այդ գումարները հանվեն։
Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ այդ ընկերությունները չեն կարողանում տարրական ֆինանսական շարժ կատարել, մասնավորապես, կատարել պետական պարտավորությունները, վճարել սպասարկման գումարները, աշխատողներին վճարել աշխատավարձ։
«Քրեական դատավարության օրենսգրքում նման ընթացակարգ չկա, դա է պատճառը, որ միջնորդություն ներկայացրեցի՝ հաշվարկային հաշիվների վրայից հանվեն այդ գումարները, որպեսզի հետագա վնասներ չկրեն»,- ասաց փաստաբանը։
Նա ընդգծեց, որ այդ պահին խնդիր չեն հետապնդում գույքը հանել արգելանքից։
Լ. Բաղդասարյանն ասաց, որ նախագահող դատավորը նպատակահարմար է գտել քննել այս միջնորդությունը, երբ դատական պրոցես լինի դատավարության բոլոր մասնակիցների ներկայությամբ։
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Պաշտպանները մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու կամ խափանման միջոց կալանավորումը վերացնելու միջնորդություններով սակայն մերժվել են։ Մ. Գրիգորյանն արդեն մի քանի շաբաթ բուժում է ստանում «Նաիրի» բժշկական կենտրոնում։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանին
- Մանվել Գրիգորյանի գործով դատախազը դեմ է ներկայացված միջնորդությանը
- Մանվել Գրիգորյանն առողջական վիճակի պատճառով դատական նիստին չէր ներկայացել
- Մանվել Գրիգորյանի գործով մեղադրողի միջնորդությունը բավարարվեց
- Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը չփոխվեց
- Դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կկայացնի
- Մանվել Գրիգորյանը մասնակցում է նիստին