Կոշտ գործողություններ՝ եկամուտները չհայտարարագրած երգիչների դեմ
Պետական եկամուտների կոմիտեն հունիսից կոշտ գործողություններ է սկսել այն երգիչների նկատմամբ, որոնք չեն հայտարարագրում իրենց եկամուտները։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
«Որպեսզի կոշտ գործողությունները լինեն շատ ավելի հասցեական, մենք յուրաքանչյուր երգչի վարքագիծը գնահատում ենք և յուրաքանչյուր երգչին անձնական նամակով հրավիրելու ենք ՊԵԿ՝ քննարկումների։ Անձնական նամակի մեջ նշվելու են կոնկրետ փաստեր միջոցառումների նրանց մասնակցության վերաբերյալ, որոնցից ստացված եկամուտները մենք կարծում ենք, որ չեն հայտարարագրվել», - նշեց ՊԵԿ նախագահը։
Հարցին՝ դա է կո՞շտ գործողությունը, Դավիթ Անանյանն արձագանքեց. «Եթե վաստակավոր արտիստի կոչում ունեցող երգչին անվանական նամակ է գրվում և նրան առերևույթ մեղադրանք է ներկայացվում, որ, օրինակ, նախորդ տարվա այսինչ միջոցառումն իրականացնելու արդյունքում ինքը որևէ կերպ՝ որպես հարկ վճարող, չի հայտարարագրել իր եկամուտները, դրանից կոշտ վարչարարություն ես չեմ պատկերացնում»:
Ըստ նրա՝ վաստակավորի կոչում ունեցողի համար այդ նամակն ամենակոշտ պատժիչ նշանակություն ունեցող փաստաթուղթն է։
ՊԵԿ նախագահը միաժամանակ նշեց, որ այսօրվա շոու բիզնեսի ոլորտում կան օրինապահ երգիչ-երգչուհիներ, և կապ չունի, թե իրենք արվեստի կոնկրետ որ բնագավառում են գործունեություն իրականացնում. «Կարծում եմ՝ մշակույթի ձևավորման ու ներքին համոզմունքի խնդիր կա։ Ներքին համոզմունքի ձևավորման հարցում մենք, կարծում եմ, դերակատարում կունենանք»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում