ՀԷՑ-ի պատճառով լուսառատցիները սառնարան, լվացքի մեքենա չեն կարողանում միացնել
Դեռ անցած տարվա ամռանից Արարատի մարզի Լուսառատ գյուղի փողոցներից մեկի բնակիչների տներ մտնող հոսանքը թույլ է այն աստիճան, որ չեն կարողանում լվացքի մեքենա, սառնարան ու այլ տեխնիկա միացնել։
Էլեկետրաէներգիայի թույլ լինելու հետևանքով վառվել են բնակիչներից մի քանիսի համակարգիչը, պոմպը, սառնարանը։ Ամիսներ շարունակ բնակիչները խնդրի մասին հայտնել են ընկերության ներկայացուցիչներին, մի քանի անգամ գնացել են Վեդի, հանդիպել ընկերության աշխատակիցներին։ Խնդրի մասին տեղյակ են եղել ու նաև բարձրաձայնել գյուղապետը, էլեկտրիկը, սակայն խնդիրը չի լուծվել։
«110 վոլտ է, ավելի ցածր էլ է լինում։ Գիծը փոխեցին, ուրիշ ենթակայանից միացրեցին, բայց էլի թույլ է։ Մի փողոց մարդ, մանավանդ կեսօրից հետո, երեկոյան ժամերին, չենք կարողանում ոչ մի բան անել։ Բակի ծառերը չորացել են, պոմպը չենք կարողանում միացնել, որ ծառերը ջրենք։ Կովերը կթում ենք, կաթը փչանում է, սառնարանը չենք կարողանում միացնել։ Ամառ օրով լվացքի մեքենա չենք կարողանում միացնել»,-Panorama.am-ի հետ զրույցում խնդրի հետևանքով առաջացած դժվարությունների մասին պատմում են բնակիչները։
Նրանց խոսքով, հոսանքի տատանման հետևանքով նաև նյութական մեծ վնասներ են կրել, տեխնիկան փչանում է, անընդհատ վերանորոգման են տանում, երբեմն վարպետներն էլ օգնել չեն կարողանում, ստիպված նորն են գնում։
«Անցած տարի պոմպը վառվեց, ստիպված նորն եմ գնել»,-ասում է բնակիչներից մեկը։
Panorama.am-ը ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանին փոխանցեց բնակիչների դժգոհությունը։ Ընկերության աշխատակիցներն այսօր գնացել են Լուսառատ, չափել ու համոզվել, իսկապես խնդիր կա։
«Այո, խնդիրը եղել է։ Այս պահին աշխատանքներ են ընթանում այդ տարածքի բնակիչներին այլ ենթակայանից էլեկտրասնուցմամբ ապահովելու ուղղությամբ»,-ասաց Նատալյա Սարջանյանը։
Հարցին, թե ինչո՞ւ ավելի վաղ քայլեր չեն ձեռնարկվել խնդրի լուծման համար, ՀԷՑ
ներկայացուցիչն ասաց՝ գուցե խնդիր է եղել ու չեն կարողացել այլ ենթակայան փոխանցել, հզորության ապահովման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել։
Ինչ վերաբերում է տատանումների հետևանքով սարքավորումների փչանալուն, ապա ընկերության մամուլի քարտուղարն ասաց, դիմումի առկայության դեպքում ընկերությունը պարտավորվում է փոխհատուղցել բաժանորդների կրած վնասները։