2019-ի առաջին կիսամյակում տեղի է ունեցել 2108 ՃՏՊ, զոհվել է 152 քաղաքացի
«Անկախ մեքենայի մակնիշից ու ինչ վառելիքով է շահագործվում, եթե ճանապարհային երթևեկության կանոններին մենք չենք հետևում, վթարները անխուսափելի կլինեն»,- «Հանրային տրանսպորտի պայթյուն, մարդկային զոհեր․ ովքե՞ր են ողբերգական ավտովթարի մեղավորներն ու պատասխանատուները» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Արման Կարապետյանը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ – մայոր Վրեժ Գաբրիելյանն էլ ասաց, որ երթևեկության բոլոր մասնակիցները պետք է հետևեն ու պահպանեն երթևեկության կանոնները, այդ մշակույթը բոլորի կողմից պետք է հարգված լինի և ընդունվի։
Նրա ներկայացրած վիճակագրության համաձայն, 2015-2018 թվականներին Հայաստանում տեղի է ունեցել 10 հազար 737 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 1234 քաղաքի, տուժել է 20 հազար 319 քաղաքցի։ Վրեժ Գաբրիելյանի գնահատմամբ, հսկայական մեծ թիվ է Հայաստանի նման փոքրիկ երկրի համար։
2018 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 1711 ՃՏՊ, 2019-ի առաջին կիսամյակում՝ 2108, համապատասխանաբար զոհվել է 139 քաղաքացի, 152 քաղաքացի, տուժել 2516, 2996 քաղաքացի։
«Սա խոսում է այն մասին, որ մեր երկրում այս ուղղությամբ բավականին լուրջ անելիք կա՝ սկսած Հայաստան ներկրվող տրանսպորտային միջոցներից, որոնց որոշակի ռեսուրսներ արդեն սպառված են լինում, չարիք են դառնում մեր երկրում, տեխնիկական սպասարկման կայաններում տրանսպորտային միջոցների վիճակի ճշգրիտ ստուգումից, ավտոճանապարհների վիճակից և երթևեկության կանոններից օգտվելու մշակույթից»,- ասաց Վ. Գաբրիելյանը։
Նա կարևորեց նաև գազաբալոններով շահագործվող մեքենաների դեպքում հենց գազաբալոնների փորձաքննությունը, որի վերաբերյալ որոշում կա, սակայն չի արվում, վերահսկող մարմին էլ չկա։
«Այդ որոշումը ճշգրտումների կարիք ունի, որով արդեն պարզ կլինի, թե ովքեր են պատասխանատուները, ովքեր են հետամուտ լինելու, ինչպես է իրականացվելու։ Որոշման փոփոխությունը պատրաստ է, ներկայացվել է կառավարությանը, սակայն դեռ չի հաստատվել»,- ասաց նա։
«Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը նշեց, որ մեքենաների յուրաքանչյուր գազաբալոն պետք է ունենա իր փականը, որն ունի իր արտահոսքային կապույրը, այսինքն՝ երբ որ չափից ավելի գազ է դուրս գալից բալոնից, ընդամենը փակում է գազաբալոնը, դրանով իսկ բացառվում է մնացած բոլոր հրդեհները։
«Սա տեխնիկական ճիշտ լուծում է, կիրառվում է ամբողջ աշխարհում, միջազգային ստանդարտ է։ Մենք առաջարկում ենք այդ ստանդարտը կիրառել Հայաստանում գազաբալոնային սարքավորումներով մեքենաների վրա»,- նշեց նա։
Մկրտիչ Տիգրանյանն ասաց, որ 2015 թվականից տարբեր նախարարությունների հետ քննարկումների արդյունքում մշակել են նախագիծ, 2018 թվականի գարնանը ուղարկվել է կառավարություն, բայց հիմա չգիտի, թե ում դարակում է մնացել։
«Զանգել եմ, հետաքրքրվել եմ տարբեր նախարարություններից, թե ուր է հասել։ Նախարարն ասել է՝ դրա ժամանակը չէ։ Իսկ ե՞րբ է գալու դրա ժամանակը։ Տարիներ շարունակ անընդհատ պայթյուն, զոհ։ Քննարկենք, թե ինչպես ենք լուծելու։ Լուծումը կա, ընդամենը պետք է քայլ արվի։ Եթե պետք է, նորից դնենք այդ նախագիծն ու մասնագետներով քննարկենք, գուցե ավելի մատչելի դարձնենք ու բարելավենք»,- ասաց նա։
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն ասաց, որ վարորդների 50 տոկոսից ավելի վարորդական իրավունքները հենց այնպես են գնել, չգիտեն երևեկության կանոններ, ինչը խնիդիր է, բերում է պատահարների։ Նա կողմնակից է, որ ամեն 100 մետրը մեկ տրված լինի արագաչափեր։ Որպես խնդիր նշեց նաև տրանսպրոտային վիճակը։
Արարատի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի ավագ մասնագետ Արմենակ Հակոբյանն խոսելով Արարատի ճանապարհին տեղի ունեցած վթարի մասին, ասաց, որ ներմարզային երթուղում շահագործվող մեքենան շահագործվում է 2019 թ. ապրիլից, ներկայացվել էր համապատասխան հանձնաժողովին, որը գնահատել էր մեքենայի վիճակ և մարզպետի որոշմամաբ թույլատրվել էր մեքենան շահագործվել, վարորդի փաստաթղթերը համապասախանել են օրենսդրությամբ պահանջվող պայմաններին։
«Սպասենք փորձաքննության եզրակացությանը, թե ինչից է առաջացել հրդեհը, իսկ մեքենան շահագործման է հանձնվել նորմալ վիճակում, վարորոդը լավագույններից է եղել»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արարատի և Թբիլիսիի ողբերգական վթարների զոհերի հիշատակը
- 4 օրում` 50 ՃՏՊ
- Վեց մարդու կյանք խլած ավտովթարի գործով ձերբակալվել է «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդը
- Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի վթարից ՀՀ քաղաքացիներ են զոհվել
- Երասխ. վթարի վայրում՝ վեց այրված դի
- Գյումրիում ՃՏՊ-ի հետևանքով տուժած կա
- Մեկ օրում՝ 14 ՃՏՊ. զոհվել է 2 մարդ, տուժել՝ 14-ը
- ՃՏՊ՝ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին
- Երևան-Գյումրի ավտոճանապարհի ՃՏՊ-ի հետևանքով կան զոհեր