Մանվել Գրիգորյանն առողջական վիճակի պատճառով դատական նիստին չէր ներկայացել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։ Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ ստացել են «Նաիրի» բժկական կենտրոնից տեղեկանք, որ Մանվել Գրիգորյանը գտնվում է ստացինոր բուժման մեջ, չի կարող մասնակցել նիստին՝ ելնելով առողջական վիճակից։ Նա նշեց, որ ամբաստանյալի բացակայության պարագայում դատական նիստը չեն կարող շարունակել, ենթակա է հետաձգման։ Մինչ այդ տեղեկացրեց, որ դատարան է ստացվել Մ. Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը՝ խափանման միջոց կալանավորումն անհապաղ վերացնելու պահանջի մասին։
Լ. Բաղդասարյանն ասաց, որ Մ. Գրիգորյանի վիճակի վատթարացում է գրանցվել, ինչը արձանագրել է նաև ձևավորված բժշկական հատուկ հանձնաժողովը։
«Կամ անձը պետք է տեղափոխվի արտերկիր՝ լուրջ բուժում ստանա կամ նրա խափանման միջոցը պետք է փոխվի, տնային պայմաններում դեղամիջոցներով առողջությունը կարգի բերվի։ Անձի առողջությունը պետք է լինի այն աստիճանի, որ կարողանա գալ և մասնակցել դատական նիստին։ Հիվանդանոցային պայմաններում ամենալուրջ բժշկական հանձնաժողովն ու բժիշկները փաստում են, որ անձի կյանքին վտանգ է սպառնում, ունի հիվանդությունների բացասական դինամիկա։ Միջնորդում եմ դատարանին՝ քննարկել ներկայացված միջնորդությունը և անհապաղ ազատել Մանվել Գրիգորյանին կալանքից»,–ասաց նա։
Լ. Բաղդասարյանը նաև առաջարկեց որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել գրավ մինչև 10 միլիոն դրամի չափով։
Մեղադրող դատախազները ժամանակ խնդրեցին միջնորդությանը ծանոթանալու և դրա վերաբերյալ դիրքորոշում հայտելու համար։ Նիստը կշարունակվի 15 րոպեից։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի շաբաթ է Մ. Գրիգորյանը բուժում է ստանում քաղաքացիական հիվանդանցում։
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Պաշտպանների մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունները, սակայն մերժվել են։
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանի գործով մեղադրողի միջնորդությունը բավարարվեց
- Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը չփոխվեց
- Դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կկայացնի
- Մանվել Գրիգորյանը մասնակցում է նիստին
- Մարզիկներ Մանվել Մամոյանը և Ահարոն Վիրաբյանը համաշխարհային ռեկորդներ սահմանեցին
- «Թուրքն անգամ Մանվել Գրիգորյանի մայրիկը չի կարողացել լացացնել»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան