«Ոսկե ծիրան». «Աստված գոյություն ունի, անունն էլ՝ Պետրունյա»
Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթում ընդգրկված «Աստված գոյություն ունի, անունն էլ՝ Պետրունյա» ֆիլմի գլխավոր դերակատարուհի Զորիցա Նուշևան առաջին անգամ է Հայաստանում։
«Ուրախ եմ, որ այստեղ եմ, ոգևորված եմ, շատ էի ուզում գալ Հայաստան։ Այստեղ տեսնում եմ ստեղծարար մթնոլորտ։ Դուք ունեք շատ ավանդույթներ, որոնք փոխանցում ենք սերնդեսերունդ, ինչը հրաշալի է։ Եթե կրկին հրավիրեն Հայաստան, կգամ»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց դերասանուհին։
Զորիցա Նուշևան ֆիլմում հենց մարմնավորել է Պետրունյային։ Նա նշեց, որ հեշտ չէր մարմնավորել այդ աղջկան։
«Թվում էր, թե Պետրունյան հասարակ մի աղջիկ է, մեզանից յուրաքանյուրը կարող է տեսնել իրեն նրա կերպարում։ Նա մի աղջիկ է, ով ապրում է տղամարդկանց աշխարհում, ամեն օր պայքար է մղում ինքն իր համար, իր երջանկության համար, հավասարություն հաստատելու համար։ Հեշտ չէր նրա կերպարը խաղալ, քանի որ մեծ ճնշում կար։ Պետրունյան մի կին է, ով անընդհատ կոտրում է սահմանները, կարծրատիպերը»,- ասաց դերասանուհին։
Հարցին, թե արդյո՞ք դուք նույնպես կվարվեիք՝ հայտնվելով նման իրավիճակում, ինչի ֆիլմի հերոսուհին, Զորիցա Նուշևան ասաց. «Կուզեի ասեի, որ եթե լինեի նման իրավիճակում, անպայման ամեն ինչ կանեի խաչը վերցնելու համար, սակայն իրականում ես այնքան էլ վստահ չեմ, որ նույն ձև կվարվեմ։ Նկարահանման ընթացքում վախ էի զգում, սակայն, կարծում եմ, եթե կա վախ, կա նաև ուժ։ Դա է հենց այն լուծումը, որ ես առաջարկում եմ։ Կարծում եմ՝ բոլոր կանանց մեջ իրականում այդ ուժը կա»։
Սա նրա առաջին դերն է կինոյում, հիմնականում հանդես է գալիս թատրոնում։
Մակեդոնիա/Բելգիա/Սլովենիա/Ֆրանսիա/Խորվաթիա համատեղ ֆիլմի ռեժիսորն է Թեոնա Ստրուգար Միտևսկը։
Ֆիլմի մասին
Շտիպ մակեդոնական փոքրիկ քաղաքում ամեն տարվա հունվարին ծխական քահանան գետն է շպրտում փայտե խաչը, և հարյուրավոր տղամարդիկ խաչի հետևից սուզվում են գետը: Բարեբախտության ու բարգավաճման երաշխիքը բաժին է ընկնում նրան, ով կգտնի խաչը: Այս անգամ Պետրունյան ևս պահի մղումով սուզվում է ջուրն ու մյուսներից առաջ ընկնելով՝ հանում խաչը: Մրցակիցները բորբոքված են. ինչպե՞ս է համարձակվել կինը մասնակցել իրենց ծեսին: Չնայած բարձրացած աղմուկին, Պետրունյան չի հանձնվում: Հաղթանակը նրանն է, և նա մտադիր չէ խաչը զիջել:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեկնարկել է հուլիսի 7-ին։ Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպես նաև աշխարհի հեղինակավոր կինոփառատոներից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից, ընտրվել են մի շարք կինոնկարներ: Փառատոնն ունի միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական) մրցութային ծրագիր, որը ներառում է 12 ֆիլմ ավելի քան 17 երկրներից և կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթ, որը ներառում է 25 ֆիլմ՝ Հայաստանից, Թուրքիայից, Իրանից և Վրաստանից:
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան». Չինացի ռեժիսորը ցանկացել է ցույց տալ, որ սերը բոլորի համար է
- Ռալֆ Յիրիկյան. «Ոսկե ծիրանը» բարձր նշաձող է սահմանել ոչ միայն մեր, այլև կինոփառատոնային արվեստը գնահատող այլ երկրներում
- «Ոսկե ծիրանի» մեկնարկը տրված է
- «Ոսկե ծիրանը»-ը կմեկնարկի Չուն-հո Պոնի «Մակաբույծը» ֆիլմով
- Հուլիսի 7-ին կմեկնարկի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը
- «Ոսկե ծիրանի» ազդագրային արվեստը
- «Ոսկե ծիրան». «Տիտանիկի» դերասանների հետ աշխատած մասնագետը կգա Հայաստան
- «Ոսկե ծիրանը»՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների գնահատմամբ
- «Ոսկե ծիրանի» ֆիլմերն ու ժյուրին