Դատաիրավական բարեփոխումների ԵԽ, ԵՄ փորձագետների պատվիրակությունը Հայաստանում է
Բարձրագույն դատական խորհուրդը, նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի գլխավորությամբ, հյուրընկալել է դատաիրավական բարեփոխումների ԵԽ, ԵՄ փորձագետների պատվիրակությանը:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդմամբ, Սերգեյ Չիչոյանը Խորհրդի և դատական իշխանության անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության ունեցած կարևոր առաքելության համար:
Իր խոսքում նա նկատել է, որ Խորհուրդը, ստանձնելով իր պարտականությունների իրականացումը, կարճ ժամանակաշրջանում սերտորեն համագործակցել է կառավարության հետ, մասնավորապես՝ Արդարադատության նախարարության հետ դատաիրավական բարեփոխումների ռազմավարության 2018-2023 թթ. ծրագրի մշակման ուղղությամբ:
Ներկայացվել են դատական համակարգում առկա այն գերակա խնդիրները, որոնք հրատապ լուծման կարիք ունեն: Դրանք վերաբերում են էլ-արդարադատության և մշտադիտարկման համակարգի ներդրմամբ դատարանների անհարկի գերծանրաբեռնվածության թեթևացմանը, դատարանների նյութատեխնիկական և շենքային պայմանների բարելավմանը, արդարադատության ծախսատարության կրճատմանը, դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության վերականգնմանն ու բարձրացմանը, որն ուղղակի ցուցիչն է մեկ այլ առանցքային խնդրի, որ այսօր դատավորի մասնագիտությունը չի գրավում երիտասարդ կադրերին, և կա դատավորների թափուր տեղերը որակյալ կադրերով համալրելու անհրաժեշտություն:
Խորհրդի անդամներն իրենց հերթին անդրադարձել են լուծում պահանջող նաև այլ առաջնահերթությունների, մասնավորապես՝ դատակենտրոնի ձևավորմանը, ուշացած արդարադատությանը, որն իր հերթին օբյեկտիվ հիմքեր ունի: Արձանագրվել է, որ դատավորների ներկա աշխատակազմով, տեխնիկական և օրենսդրական հնարավորությունների շրջանակում այսօր հնարավոր չէ իրականացնել այնպիսի արդարադատություն, որը կգոհացնի հանրությանը:
Կարևորվել է ոչ միայն վերադաս ատյանների առավել արդյունավետ գործելու անհրաժեշտությունը, այլև այնպիսի օրենսդրական կարգավորումների մշակումը, ինչը Բարձրագույն դատական խորհրդին ևս հնարավորություն կտա առանձին դեպքերում հարուցելու դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ:
Շեշտվել է, որ դատական համակարգում որոշ հրատապ լուծում պահանջող խնդիրների համար համապատասխան ներդրումներ են անհրաժեշտ: