ՊԵԿ-ն այս տարվա առաջին կիսամյակում գերակատարել է հարկային եկամուտների հավաքագրման նախատեսված ցուցանիշները
2019 թվականի առաջին կիսամյակում փաստացի հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 713.4 մլրդ դրամ, ինչի արդյունքում շուրջ 63 մլրդ դրամով կամ 9.6 %-ով գերակատարվել է բյուջեով նախատեսված ծրագրային ցուցանիշը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
ՊԵԿ նախագահի խոսքով՝ տարվա երկրորդ եռամսյակը միշտ համարվել է հարկային եկամուտների կատարման առումով ամենաարդյունավետ շրջանը, քանի որ դրանում են ներառված ապրիլ և հունիս ամիսները: «Ապրիլը շահութահարկի և ռոյալթիի տարեկան հաշվարկների ներկայացման ամիսն է, հետևաբար, ապրիլին ունենում ենք ամենաբարձր հարկային եկամուտների ապահովվածության ցուցանիշը, հունիսին էլ շահութահարկի և ռոյալթիի եռամսյակային կանխավճարների կատարման ամիսն է»,- ասաց Դավիթ Անանյանը:
Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե հարկային եկամուտների հավաքագրման ծրագրային ցուցանիշը գերակատարելու են 62 մլրդ դրամով, ՊԵԿ նախագահն ասաց, որ հիմա պետք է ուղղակի արձանագրեն, որ տարվա համար նախապես կանխատեսված գերակատարումը կատարվել է կիսամյակով:
«Իհարկե, սա չի նշանակում, որ երրորդ կամ չորրորդ եռամսյակում մենք աննախադեպ գերակատարման այս տենդենցը պետք է պահենք: Ու եթե ճիշտ սահմանված համամասնություն ունենայինք, մենք առաջին կիսամյակում կունենայինք 23 մլրդ գերակատարում, երրորդ եռամսյակում՝ 15 մլրդ, իսկ չորրորդում՝ 25 մլրդ դրամ գերակատարում: Ընդհանուր հանրագումարային մենք շուրջ 63 մլրդ դրամ գերակատարումը կապահովեինք»,- ասաց նա: