2020 թվականի հունվարի 1-ից որոշ մեքենաների մաքսատուրքը կբարձրանա մինչև 48 տոկոս. Դավիթ Անանյան
Երրորդ երկրներից ավտոմեքենաների ներմուծման դեպքում մաքսատուրքերը չբարձրացնելու վերաբերյալ քննարկումներ գնում են, բայց դրանք շատ ակտիվ չեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով, ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի համար ավելի քան 800 անուն ապրանքատեսակների մասով գործում է ներկրման մաքսային արտոնյալ ռեժիմ, սակայն աստիճանաբար՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, այդ բացառությունները չեն գործելու:
Դավիթ Անանյանը նշեց, որ մեքենաների համար մաքսատուրքերը կբարձրանան 2020 թվականի հունվարի 1-ից:
«Մենք նախապես բանակցել ենք և 5 տարով հետաձգել ենք: Հիմա նորից պետք է բանակցենք որոշ ժամանակով հետաձգելու համար: Այդպիսի տրամադրվածություն կա կառավարությունում, բայց ես չգիտեմ, թե դա հաջողությամբ կպսակվի, թե ոչ: Ես բանակցություններին, քննարկումներին չեմ մասնակցում»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը:
Նրա խոսքով՝ 2020 թվականի հունվարի 1-ից որոշ մեքենաների մաքսատուրքը կբարձրանա մինչև 48 տոկոս:
«Օրինակ, ֆիսկալ առումով Ռուսաստանին ձեռնտու չէ մաքսատուրքի նվազումը: Եթե մենք մաքսատուրքերի ընդհանուր ծավալից 1,22 տոկոսն ենք բերում որպես մեր երկրի եկամուտ, Ռուսաստանին գնում է ավելի քան 80 տոկոսը: Ցանկացած բացառություն, որ մենք անում ենք, ընդհանուրի մեջ իր մասնակցության չափով Ռուսաստանը կորուստ է կրում: Եւ ինքը պետք է հասկանա, թե կորուստն ինչի համար է կրում: Եթե տնտեսական կամ քաղաքական առումով՝ ըստ իրենց, դա կլինի արդարացված, բնականաբար, իրենք կգնան այդ քայլին»,- ասաց Դավիթ Անանյանը: