«Ոսկե ծիրան». Կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեին հանձնվել է «Եղիցի լույս» մրցանակ
Հուլիսի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից սահմանված «Եղիցի լույս» մրցանակի հանձնման հադիսավոր արարողությունը: Պատվավոր մրցանակն այս տարի շնորհվել է ռուսաստանցի ճանաչված կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեին:
Մայր Աթոռի տեղեկատվական համակագից հայտնում են, որ այս տարվա մրցանակակրին իր օրհնությունն է բերել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բանժի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը` բարձրորեն գնահատելով ռեժիսորի վաստակը կինոարվեստում հոգևոր արժեքների արտացոլման գործում: Սրբազանն ընդգծել է, որ պրն. Մինդաձեի արվեստում շեշտադրվում է այն գաղափարը, որ Աստծո արարչության մեջ մարդկային կյանքից առավել արժեքավոր բան գոյություն չունի և, նրա ֆիլմերում թեև կան շատ հակասական կերպարներ, սակայն արտացոլվում է այն միտքը, որ բոլորն էլ արժանի են կյանք ունենալու պարգևին:
Այնուհետև Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանն ընթերցել է «Եղիցի լույս» մրցանակի հայրապետական վկայագիրը, որով հաստատվում է, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոարվեստում մեծ վաստակի համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակը 2019 թ. շնորհվում է կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեին: Հավարտ վկայագրի ընթերցման, Նաթան արքեպիսկոպոսը կինոռեժիսորին հանձնել է «Եղիցի լույս» մրցանակը:
Շնորհակալական խոսքով հանդես է եկավ մրցանակակիրը` մասնավորապես նշելով, որ մրցանակը խթան կհանդիսանա շարունակելու ստեղծել ֆիլմեր հանուն լույսի և հանուն մարդու: Ռեժիսորը կարևորել է նաև այն հանգամանքը, որ մրցանակը հաստատումն է այն իրողությունների և գաղափարների, որոնց նա ձգտել է ամբողջ կյանքում: Մրցանակաբաշխության ավարտին համերգային կատարումներով հանդես է եկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սարկավագաց երգչախումբը:
Նույն օրը մրցանակակիր Ալեքսանդր Մինդաձեին ընդունել է Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Զրույցի ընթացքում Հայոց Հայրապետը նկատել է, որ ներկա ժամանակներում կինոարվեստը շարունակում է կարևոր առաքելություն իրականացնել` հանդիսանալով ազդու միջոց տարբեր արժեքների քարոզչության համար:
Այդ կապակցությամբ Նորին Սրբությունը բարձր է գնահատել Ա. Մինդաձեի վաստակը կինոարվեստի միջոցով հոգևոր-բարոյական արժեքների խթանման և տարածման, մարդկային կյանքը բարի, ճշմարիտ և բարձր արժեքներով լցնելու գործում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս է հայտնել, որ «Եղիցի լույս» մրցանակի հանձնումն առիթ կդառնա նրա ստեղծագործական կյանքում նոր ներշնչանքերի և օգտաշատ իրագործումների:
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան». Դարյա Շումակովան սիրահարված է Հայաստանի հոգևոր գեղեցկությանը
- «Ոսկե ծիրան». «Աստված գոյություն ունի, անունն էլ՝ Պետրունյա»
- «Ոսկե ծիրան». Չինացի ռեժիսորը ցանկացել է ցույց տալ, որ սերը բոլորի համար է
- Ռալֆ Յիրիկյան. «Ոսկե ծիրանը» բարձր նշաձող է սահմանել ոչ միայն մեր, այլև կինոփառատոնային արվեստը գնահատող այլ երկրներում
- «Ոսկե ծիրանի» մեկնարկը տրված է
- «Ոսկե ծիրանը»-ը կմեկնարկի Չուն-հո Պոնի «Մակաբույծը» ֆիլմով
- «Ոսկե ծիրանի» ազդագրային արվեստը
- «Ոսկե ծիրան». «Տիտանիկի» դերասանների հետ աշխատած մասնագետը կգա Հայաստան
- «Ոսկե ծիրանը»՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների գնահատմամբ
- «Ոսկե ծիրանի» ֆիլմերն ու ժյուրին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան